Հայաստանի բյուջեի պակասուրդը 2025թ․–ին չի գերազանցի 5%–ը, իսկ պետական պարտքը կլինի ՀՆԱ–ի 50%–ի սահմանում․ Ֆիննախ

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի/ԱՌԿԱ/ 2025թ․–ի բյուջեի կատարման ընթացքի մեր վերջին վերլուծությունները հիմք են տալիս կանխատեսելու, որ 2025-ի ավարտին ծրագրված 5,5% բյուջեի դեֆիցիտի փոխարեն կունենանք 5% չգերազանցող դեֆիցիտի մակարդակ, ինչի արդյունքում պետական պարտքը չի հատի ՀՆԱ-ի նկատմամբ 50% շեմը, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր ԱԺ–ում 2026թ․–ի բյուջեի քննարկումների ժամանակ։

«2026 թվական մուտք ենք գործում ավելի քան վստահ, քան երբևէ՝ կայուն տնտեսությամբ, կառավարելի և կայուն պարտքի մակարդակով և ապագայի նկատմամբ մեծ վստահությամբ՝  կառուցելու մրցունակ և ներառական Հայաստան՝  համոզված, որ ձեռնարկվող բարեփոխումները շարունակելու են բերել իրենց արդյունքները, որ տնտեսության ներուժն ամբողջովին իրացվելու է, իսկ պետական կառավարման համակարգը շարունակելու է գործել նպատակային և արդար»,- ընդգծեց նախարարը:

Համաշխարհային բանկի «Armenia Monthly Economic Update 2025» նոյեմբերյան զեկույցի համաձայն՝ առաջինից երրորդ եռամսյակների ընթացքում Հայաստանի բյուջեի համախառն դեֆիցիտը կազմել է տարեկան կանխատեսվող ՀՆԱ-ի 0.73%-ը՝ 2025 թվականի համար կանխատեսվող ՀՆԱ-ի 5.5%-ի համեմատ։

Հիշեցնենք, որ  Հովհաննիսյանն ավելի վաղ հայտարարել էր, որ բյուջեի դեֆիցիտը 2026 թվականին նախատեսվում է կրճատել 5.5%-ից մինչև 4.5% , 2027 թվականին՝ մինչև 3.5%, այնուհետև՝ մինչև 2.8%, իսկ մինչև 2030 թվականը՝ մինչև 1%

Նա նշել է, որ ՀՆԱ–պետական պարտք հարաբերակցությունը միջնաժամկետ հեռանկարում կկայունանա 50-60% միջակայքում։

Leave a Comment