Անգլիացի հնագետը հիշատակել է ոսկեկար տարազով հայուհիներին, կոռումպացված ռուս կոմիսարներին, նախաձեռնող հայ առեւտրականներին

Օրերս ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտը կազմակերպել էր «Պատմական սկզբնաղբյուրները հայկական գաղթավայրերի մասին» խորագրով հերթական միջազգային գիտաժողով, որն այս անգամ նվիրված էր Կահիրեի «Նուբարյան» ազգային վարժարանի 100-ամյակին: «Սկզբում սկսել ենք հայ գաղթավայրերի մասին օտար աղբյուրներից, հետո ընդլայնեցինք՝ ներառելով առհասարակ պատմական աղբյուրները: Մեր նպատակն էր վեր հանել այն նյութը, որ տարբեր լեզուներով առկա է տպագիր աղբյուրներում, բայց հայագիտությանը մեծ հաշվով անծանոթ է: Արդեն սա վերածվել է սփյուռքագիտական գիտաժողովի:

Նշեմ, որ իմ առաջարկով ենք սկսել նման գիտաժողովների իրականացումը, քանի որ տարբեր աղբյուրներում տեսնում եւ ստուգում էինք՝ մեր հայագիտությանը այդ աղբյուրներն արդյոք ծանո՞թ են: Հիմնականում անծանոթ մնացած աղբյուրներ էին՝ գերմաներեն, անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն: Այժմ մեր ամենամյա գիտաժողովներում նոր աղբյուրներ եմ ներկայացնում»,-Aravot.am-ի հետ զրույցում նշեց ԳԱԱ Պատմության ինստիտուտի Հայ գաղթօջախների եւ Սփյուռքի պատմության բաժնի ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու Արծվի Բախչինյանը:

Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ Արծվի Բախչինյանի «Էդվարդ Դանիել Քլարքը՝ Ռուսաստանի հայերի մասին» թեմայով զեկուցմանը:

«Համացանցի դարում կարող ես առցանց բազմաթիվ թվայնացված աղբյուրներ գտնել, եւ այլեւս կարիք չկա օտար գրադարաններում թերթել, թե մեր մասին ինչ են գրել: Այդպես ես հերթական աղբյուրը բացահայտեցի. անգլիացի հնագետ, հանքաբան, Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր Էդվարդ Դանիել Քլարքը 1799-1804թթ ճամփորդել է Եվրոպայի մեծ մասով, Օսմանյան կայսրություն, Եգիպտոս, Ռուսաստան եւ գրքեր է գրել իր ուղեւորությունների մասին: «Ճանապարհորդություններ՝ Ռուսաստանով, Թաթարստանով եւ Թուրքիայով» գրքում նա վկայություններ է թողել այնտեղ ապրող հայերի մասին: Քլարքը բուն Հայաստանում չի եղել, բայց իր ուղեգրություններում մասնավորապես հիշել է Պետերբուրգի հայերին, հայկական եկեղեցին, Կուբանի հայերին, նշել է, որ Դոնի կազակների շարքում ի թիվս տարբեր ժողովուրդների նաեւ հայ կազակներ են եղել:

Էդվարդ Դանիել Քլարքը մանրամասն տեղեկություններ է տալիս Նոր Նախիջեւանի հայերի մասին, գրում է, որ տեղի հայերը այս անապատային մասում իրենց նախաձեռնողական ոգու շնորհիվ շենացրել են տարածքը: Ըստ Քլարքի, հայ առեւտրականները «դրդված առևտրային շահարկումներով, թափանցում են բոլոր երկրները եւ հաղթահարում բոլոր խոչընդոտները՝ հաճախակի ճանապարհորդելով ցամաքով դեպի Հնդկաստան եւ երկրագնդի ամենահեռավոր շրջաններ: Ո՞վ, եթե ոչ նրանք, հենվելով Ռուսաստանի խոստումների վրա, կարող էին հույս ունենալ եւ գիտակցել այն ակնկալիքը, որ հսկայական անապատներով շրջապատված Դոնի աղքատ գյուղում պիտի հիմնեն առեւտրի եւ հարստության մի աղբյուր»: Քլարքը նշում է, որ Ռուսաստանի տարբեր մարզերում հայերը արտադրություններ ունեին, աշխույժ առեւտուր էին անում, նկարագրում է խանութների թաղամասը»,-տեղեկացրեց գիտնականը:

«Մի առիթով Քլարքը հիշում է նաեւ Աստրախանի հայուհիներին, ասում է՝ նրանց տարազը ամենահարուստն է Ռուսաստանում, հայուհիները հագուստները հիմնականում մետաքսից էին եւ ոսկեկար էին: Քլարքը հետաքրքրիր դրվագ է ներկայացրել Ղրիմի հայերի մասին, նա գրել է, որ երբ Եկատերինա կայսրուհին հրամայել է Ղրիմի հայերը Կուբան տեղափոխվեն, ռուս կոմիսարները այն ժամանակվանից կոռումպացված են եղել, իրենց գրպաններն են դրել այն գումարները, որ հատկացվել էր հայերի տեղափոխման համար: Ու երբ հայերը տեղ են հասել, նրանց առաջ թշվառ խրճիթներ են բացվել: Շքեղ ապրած հայերը առաջին տարիներին դժվար են ապրել, հետագայում իրենց նախաձեռնողականության շնորհիվ կարողացել են արագ վերականգնվել:

Քլարքը հիշում է Ղրիմի հայկական եկեղեցին, մարմարյա հայատառ սալիկի մասին է հիշատակում, Թեոդոսիայում հայկական բերդ է հիշում, նկարագրում է Ղրիմում հայկական տապանաքարերը ու նշում, որ ամեն տապանաքարի վրա ըստ հանգուցյալի մասնագիտության՝ որեւէ առարկա էր քանդակված, օրինակ` դերձակի տապանաքարին՝ մկրատ, այգեպանի տապանաքարին՝ բահ եւ այլն: Այս ուղեգրությունը հայագիտությանը մինչեւ հիմա անհայտ մնացած աղբյուր է: Այն կարեւոր տեղեկություններ է պարունակում 18-րդ դարի վերջի, 19-րդ դարի սկզբի ռուսաստանաբնակ հայերի թվաքանակի, զբաղմունքի, տարազի եւ այլնի վերաբերյալ»,-հավելեց Արծվի Բախչինյանը:

Ի թիվս այլնի, նա նշեց, որ «Պատմական սկզբնաղբյուրները հայկական գաղթավայրերի մասին» խորագրով գիտաժողովին մասնակցում էին ոչ միայն կայացած, այլ երիտասարդ գիտնականներ: Նա փաստեց, որ առաջին անգամ Միացյալ Թագավորությունից գիտաժողովին մասնակցում էր երիտասարդ պատմաբան Վահէ Պօղօսեանը՝ «Եակուպ Արթին փաշան Սուտանու հայերի մասին» զեկուցմամբ: Վերջինս զբաղվում է Սուդանի հայերի պատմությամբ, քանի որ իր մայրը սուդանահայ է, առաջին անգամ հանդես է եկել արեւմտահայերեն գիտական զեկուցումով: Մյուսը Դոնի Ռոստովից Լեւոն Բատիեւն էր, որը խոսել է Նոր Նախիջեւանի հայերի պատմությունից:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment