Սպերցյանը մեկնաբանել է Լոկոմոտիվի հետ ոչ-ոքին — Armsport.am

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի (ՌՊԼ) 16-րդ տուրի շրջանակում «Կրասնոդարը» Մոսկվայում հյուրընկալվելիս 1։1 հաշվով ոչ-ոքի ավարտեց հանդիպումը «Լոկոմոտիվի» հետ։ «Երկաթուղայինների» կազմում աչքի ընկավ Ալեքսանդր Ռուդենկոն, իսկ «ցլերի» պատասխան գնդակը խփեց Դուգլաս Աուգուստոն։

Այս արդյունքի շնորհիվ Մուրադ Մուսաևի թիմը վաստակեց 34 միավոր և վերադարձավ մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական։ Նրան հաջորդում են ԲԿՄԱ-ն և «Զենիթը» (33-ական միավոր), իսկ «Լոկոմոտիվը» 31 միավորով զբաղեցնում է չորրորդ տեղը։

Խաղից հետո «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը նշել է, որ թիմի համար սկզբունքային է ձմեռային դադարի գնալ որպես առաջատար։

«Կարծում եմ՝ մենք լավ խաղ ցուցադրեցինք, սակայն պահերի իրացումը մեզ խանգարեց։ Խաղադաշտը նույնպես մի փոքր ծանր էր։ Կորդոբայի հետ խաղալն ավելի հեշտ է լինում, նա շատ է պայքարում գնդակի համար»,- ասել է Սպերցյանը «Матч ТВ»-ի եթերում։

Հաջորդ տուրում՝ նոյեմբերի 30-ին, «Կրասնոդարը» սեփական հարկի տակ կընդունի Սամարայի «Կռիլյա Սովետովին», իսկ Միխայիլ Գալակտիոնովի սաները նույն օրը արտագնա խաղում կմրցեն «Ռոստովի» հետ։

Leave a Comment