Դեմագոգիա և պոպուլիզմ. Տեբասը արձագանքել է Պերեսի խոսքերին — Armsport.am

Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը կոշտ պատասխան է տվել «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի քննադատություններին։

Ավելի վաղ, ակումբային ժողովի ժամանակ Մադրիդի «Ռեալի» ղեկավարը հայտարարել էր. «Ֆուտբոլը ղեկավարում են նրանք, ովքեր ցանկանում են պաշտպանել իրենց արտոնությունները։ «Ռեալը» միակ ակումբն է, որն ի զորու է դիմակայել դրան, մեզ վրա հնարավոր չէ ճնշում գործադրել գրանցման հետ կապված խնդիրներով»։

​«Ֆլորենտինոն կրկին բեմում է։ Նույն այն Ֆլորենտինոն, ով 2021 թվականին հանդիսավոր կերպով զգուշացնում էր, թե ֆուտբոլը «տնտեսապես ծանր հիվանդ է», և որ միայն իր Սուպերլիգան կարող է փրկել այն։

​Այսօր նա կրկին հանդես եկավ բոլոր ինստիտուտների, այդ թվում՝ Լա Լիգայի դեմ՝ ակնհայտ «մեսիական», աղանդավորական և գերիշխող տոնով, կարծես ինքը ճշմարտության միակ կրողն է… Սա սպասելի էր։ Ամեն տարի նա գերազանցում է ինքն իրեն, ինչը, հավանաբար, պայմանավորված է իր հետևորդների սակավաթվությունից առաջացած հիասթափությամբ։

​Նրա քննադատական դիտարկումներից որոշները սուտ են, մյուսները՝ աղավաղված, իսկ երրորդները չեն ներկայացնում ողջ ճշմարտությունը այն մասին, թե իրականում ինչ է դրված խաղասեղանին իսպանական և եվրոպական ֆուտբոլում։

​Ինչ վերաբերում է Սպորտի մասին օրենքի լոբբինգին, կկրկնեմ այն, ինչ ասել եմ անցյալ մրցաշրջանում. լոբբինգի հարցում Ֆլորենտինո Պերեսը նման է Հռոմի պապին։ Զանգերն ու ընթրիքները, որոնց միջոցով նա տարիներ շարունակ մեծացրել է իր ազդեցությունը, վստահաբար շատ ավելի հետաքրքիր կլինեին, քան այն, ինչ հայտնի դարձավ վերջերս։

​Իմ աշխատավարձի մասին այսօր նույնպես շատ խոսվեց, բայց քիչ ճշմարտություն ասվեց։ Իմ ֆիքսված վարձատրությունը յուրաքանչյուր 4 տարին մեկ հաստատվում է լիազորված կոմիտեի (14 ակումբ) և վեհաժողովի (42 ակումբ) կողմից՝ գաղտնի քվեարկությամբ։ Իսկ պարգևավճարները հաստատվում են ամեն տարի՝ կրկին գաղտնի քվեարկությամբ։

​Այսինքն՝ հենց այն ակումբները, որոնք, ըստ Ֆլորենտինոյի, «պետք է խաղացողներ վաճառեն ինձ վճարելու համար», հավանություն են տալիս կամ չեն տալիս իմ աշխատավարձին։

​Որքա՜ն հեռու են այն տարիները, երբ «Ռեալն» աջակցում էր իմ առաջին նախընտրական արշավներից մեկին… Այն ժամանակ դա իսկապես ճիշտ էր թվում։ Հիմա, քանի որ ես չեմ սատարում նրա «մեսիական» գաղափարներին, նա դիմում է դեմագոգիայի և պոպուլիզմի»,- գրել է Տեբասը։

Leave a Comment