Ժնևում ընթանում են Ուկրաինայի, ԱՄՆ-ի և եվրոպական երկրների ներկայացուցիչների միջև բանակցությունները։ Հանդիպման նպատակն է հասկանալ հինգշաբթի օրը ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային ներկայացված խաղաղության նոր՝ ծրագրի 28 կետից բաղկացած ծրագրի ճակատագիրը։
Ինչպես հայտնում է BBC-ին, ԱՄՆ նախագահ Թրամփը շաբաթ օր հայտնել է, որ փաստաթղթի ներկայիս տարբերակը կարող է վերջնական չլինել։
Բանակցություններում ուկրաինական պատվիրակությունը ներկայացնում է նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։ ԱՄՆ-ի հիմնական մասնակիցներն են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, ով ռազմական գործողությունների դադարեցման պայմանների հիմնական կողմնակիցն է համարվում։
Եվրոպայի դիրքորոշումը ներկայացնում են Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի եռյակ դաշինքի ազգային անվտանգության խորհրդականները, ինչպես նաև ԵՄ պատվիրակը։
Ժնևում հանդիպումները սկսվել են Երմակի և եվրոպացի ներկայացուցիչների՝ Մեծ Բրիտանիայից Ջոնաթան Փաուելի, Ֆրանսիայից Էմանուել Բոնի և Գերմանիայից Գյունտեր Սաուտերի միջև բանակցություններով։ Դրան կհաջորդեն ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունների միջև խորհրդակցությունները։
Վաշինգտոնի կազմած խաղաղության պայմանագրի նախագծի համաձայն Կիևը պետք է հրաժարվի ամբողջ Դոնբասից (երկրամասը կազմված է Դոնեցկի և Լուգանսկի շրջաններից), Ղրիմից, կիսով չափ կրճատի բանակը, պարտավորվի չմիանալ ՆԱՏՕ-ին, չտեղակայել իր տարածքում օտար ուժեր, չհրաժարվել միջուկազերծ պետության կարգավիճակից, դրա դիմաց ստանալ անվտանգության երաշխիքներ:
Ուկրաինայի անվտանգության երաշխիքների կարևորագույն հարցը նշված է, բայց նախագծում մանրամասներ չեն ներկայացվում։ Ծրագիրը նախատեսում է Ուկրաինայի վերականգնման ծրագիր՝ օգտագործելով արտասահմանում սառեցված ռուսական ակտիվները և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացումը։
Նախագահ Զելենսկին չի մերժել այս առաջարկները, բայց հստակեցրել է, որ Ուկրաինայի համար դրանք դժվար կլինի ընդունել։ Ուրբաթ օրը ելույթ ունենալով՝ նա ասել է, որ ԱՄՆ նախագահի պահանջը՝ մինչև հաջորդ շաբաթվա վերջը ստորագրել ծրագիրը, երկիրը դնում է դժվար ընտրության առաջ. «կամ արժանապատվության կորուստ, կամ հիմնական գործընկերոջ կորուստ»։
Տես նաև՝
«Կամ արժանապատվությունն ենք կորցնելու, կամ առանցքային դաշնակցին»․ Զելենսկի