Երվանդ քահանա Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Նոյեմբերի 23-ին Մասյացոտնի թեմի Արարատ գյուղի սբ. Հակոբ եկեղեցում ես՝ Երվանդ քահանա Բաբայանս մատուցել եմ սուրբ և անմահ Պատարագ:
Դրանից մեկ օր առաջ հանդիպել եմ Վեհափառ Հայրապետի հետ. հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում:
Երեկոյան համացանցում աչքովս ընկավ մի հոդված, որտեղ իմ առաջնորդը՝ Տեր Գևորգ եպս. Սարոյանը նույնացված էր Բրուտոսի հետ և մեղադրվում էր ենթադրյալ դավաճանության մեջ:
Մենք՝ թեմի քահանաներս գիտենք, թե անցնող տարիների ընթացքում, ինչպես է մեր առաջնորդը պաշտպանել Մայր Աթոռը և հատկապես Վեհափառ Հայրապետին:
Հիշում ենք նաև, թե ինչպես հանիրավի թիրախավորվեց Գևորգ սրբազանը սույն թվականի հուլիսի 4-ին Seasons այգում ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ:
Ես չնչին կասկած իսկ չունեմ, որ Գևորգ սրբազանին, ինչպես նաև շատ այլ հոգևորականների թիրախավորում են Մայր Աթոռ սբ. Էջմիածնից՝ փորձում դավաճանի պիտակ կպցնել զուտ նրա համար, որ չեն կիսում եկեղեցի-պետություն հակամարտությանն առնչվող տեսակետները, որը սպառնալիք է Հայ Եկեղեցու և մեր պետականության համար: Եվ սա այն դեպքում, երբ եկեղեցու և որոշ եկեղեցականների հասցեին ծանրակշիռ մեղադրանքներ են հնչում, փաստեր են հրապարակվում, մինչդեռ Մայր Աթոռը լուռ է:
Վեհափառի անունը չհիշատակելու պատվեր ինձ որևէ մեկը չի տվել, ո՛չ իշխանությունները և ո՛չ էլ իմ առաջնորդը:
Ես պարզապես իմ անհամաձայնությունն եմ արտահայտել տիրող անարդարությանը, երկակի ստանդարտներին: Վեհափառի հետ հանդիպման ժամանակ նույնպես իմ մտահոգություններն եմ հայտնել մեր եկեղեցու կյանքը խռովված երևույթների նկատմամբ:
Ես հայցում եմ բոլորի աղոթքն ու մաղթանքը, որ հնարավորինս շուտ եկեղեցու և պետության միջև խորացող այս ճգնաժամը հանգուցալուծվի և մենք իբրև եկեղեցու սպասավորներ լծվենք մեր առաքելությանը՝ ի շինություն մեր հայրենիքի և ի պայծառություն մեր հավատի:
Արտաշատի սբ. Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու հոգևոր հովիվ՝ Տ. Երվանդ քհն. Բաբայան»։