«Մա՜յր իմ, այս անհամ շրջապատում ինչո՞ւ ինձ քաղցր ծնար»․ Լեռ Կամսարի հիշատակի օրն է

«Մա՜յր իմ, այս անհամ շրջապատում ինչո՞ւ ինձ քաղցր ծնար։ Դարվինը չե՞ս կարդացել, չգիտե՞ս, որ կենդանի արարածն իր գոյությունը պաշտպանելու համար պետք է շրջապատին հարմարվի թիթեռն անապատում ավազի գույն հագնի, կանաչի վրա` կանաչ, երկնքում ճախրելիս` կապույտ։ Ճիշտ այնպես, ինչպես հիմա ապրելու համար մարդիկ դաշնակների իշխանությանը դաշնակ են դառնում, բոլշևիկյան իշխանությանը` բոլշևիկ, դեմոկրատականինը` դեմոկրատ։

Իսկ դու սևի վրա սպիտակ ծնար, ես ո՞նց ապրեմ…

Ես տրանզիտով աշխարհ եկա, տրանզիտով էլ հեռանում եմ աշխարհից՝ առանց վագոնիս պատուհանը բաց անելու։ Իբրև մարդ՝ ապրելու ոչ մի հնարավորություն չկա։ Սովետական ժողովուրդը գրաստ է պարզապես՝ նոխտան վզից կախ։ Կառավարությունը մեկ էլ տեսար նոխտադ քաշեց, քսան տարի տարավ Սիբիրի սառնամանիքներում կապեց քեզ, մեկ էլ քաշեց, ետ բերեց ու կապեց քո ընտանիքից բավականին հեռու, որ նայես քո կին ու երեխաներին ու կարոտամաշ լինես…

Աստված ինձ ստեղծել է մահկանացու, դրել է սրարշավ գնացք իմ ծնունդի առաջին վայրկյանից և ուղիղ գծով դեպի գերեզման է քշում։ Ես կարող էի գնացքի պատուհանից գոռալ իմ ճշմարտությունը, բայց գնացքիս դուռն ու պատուհանը այնպես պինդ է փակել վրաս Սովետական կառավարությունը, որ իմ ոչ մի ձայն չի թափանցի ազատ աշխարհը։ Դատարկ վագոնում որքան ուժ ունեմ բղավում եմ՝ մարդի՜կ, հեռու բոլշևիկյան կառավարությունից, այդ վարդապետությունը ոճիր է մարդկային բանականության հանդեպ, բոլշևիզմը հղկում , հարթում է Շվեյցարական անուշաբույր ծաղկավետ լեռները՝ դարձնելով այն փոքրիկ Սահարա։ Բոլշևիզմը մի բռնակալ ժամանակ է, փախե՜ք դրանից…

Իմ ծննունդից մինչև մահը կապված է մի լար, երևակայությունս լարախաղացի նման անվերջ գնում-գալիս է այդ լարի վրա։ Ասում են ամենաարագ հաղորդակցության միջոցը ինքնաթիռն է հիմա, բայց սխալ է։ Ինքնաթիռը չի կարող մարդու նման ծննդյան ու մահվան միջև ընկած ճանապարհը կտրել մի ակնթարթում, այդ ճանապարհը կտրում է երևակայությունը։ Իմ երևակայությունն այն թազբեհի թելն է, որ կապում է իմ կյանքի բոլոր երեկները իմ կյանքի վաղերին։

Չլիներ երևակայությունս՝ իմ երեկներն ու վաղերը կանցնեին իբրև անծանոթներ առանց իրար բարևելու։ Ես յոթանասուն տարեկան եմ, և ամեն անգամ, երբ երևակայությունս երթևեկում է այդ տարածությունը՝ քառասուն տարվա վրայից ցատկում է։ Այդ իմ չապրած տարիներն են։Այդ տարիներին բոլշևիկյան իշխանությունը եկավ, քացու մի հարվածով դուրս վռնդեց ինձ ղեկավարող կամքս, մի էշի նոխտա դրեց վզիս, տարավ կապեց սոցիալիզմի դատարկ մսուրին, և ես սա 40 տարի միայն ազատություն եմ զռում։

Բայց մի ժամանակ՝ ես մարդ էի…»

60 տարի առաջ՝ 1965թ-ի նոյեմբերի 22-ին Երևանում իր կյանքի վերջին ժամերն էր ապրում բոլոր ժամանակների ամենամարդաճանաչ Մարդը՝ Վանից հոգևորական Թովմասի որդի Արամ Թովմաղյանը, նույն ինքը՝ Լեռ Կամսար․․․

Գրող Էդվարդ Մանվելյանի ֆեյսբուքյան էջից

Leave a Comment