Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում շարունակվում է Երևանյան միջազգային թատերական երրորդ փառատոնը, որն այս տարի անցկացվում է «Ստեղծարարություն հանուն խաղաղ աշխարհի» խորագրով։ Մշակութային ներուժով ստեղծարարությունը յուրօրինակ համագործակցային ձևաչափ է, որը թատրոնի համաշխարհային պատմության մեջ ընդգծում է մշակութային քաղաքականության կամրջող դերը։
Երևանյան միջազգային թատերական փառատոնի հիմքում և՛ փառատոնի նախաձեռնողի, և՛ մասնակից թատրոնների հետաքրքիր գաղափարներն են. այս տարի ևս փառատոնը հյուրընկալել է ինչպես միջազգային գործընկերների, այնպես էլ հայաստանյան թատրոնների և թատերախմբերի:
Երևանն այս օրերին իր հյուրնընկալ դռներն է բացել աշխարհի թատերախմբերի համար։ Մայրաքաղաքի սրտում` Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ԱՄՆ-ից, Գերմանիայից, Հայաստանից, Վրաստանից և Թուրքիայից թատերախմբերը մինչև նոյեմբերի 30-ն անցկացվող Երևանյան միջազգային թատերական երրորդ փառատոնի շրջանակներում հանդիսատեսին են ներկայանում «Սիրո նամակ Հայաստանին», «Լիր արքա», «Փոքրիկ ծառ-հսկան», «Քեռի Վանյա», «Փափլիկը», «Կարլ Մարքս. խոստովանություններ», «Պեպո», «Իմ սիրտը լեռներում է», «Մացառուտներ», IN C ներկայացումներով։ Թատրոնի բեմում փորձեր են, հանդերձարաններում ներկայացման շտապող հանդիսատեսի աշխույժ շարժն է։ Ժամանակակից թատրոնը վաղուց արդեն միայն արվեստ չէ․ ցանկացած ներկայացում երկխոսություն է հանդիսատեսի և թատերախմբի միջև։
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն, փառատոնի հիմնադիր և նախագահ Վարդան Մկրտչյանն այս տարի ևս շեշտադրում է փառատոնի հիմնական փիլիսոփայությունը, որը ամփոփվում է հետևյալ գաղափարի շուրջ` հայկական ժամանակակից արվեստը, մասնավորապես՝ թատերական արվեստը ոչ միայն հյուրընկալող կողմ է, այլև ակտիվ մասնակից:

Երևանյան միջազգային թատերական փառատոնը վերջին երեք տարիներին անցել է հետաքրքիր և բազմաշերտ ուղի՝ ամրացնելով փառատոնի հեղինակությունը տարածաշրջանում։ 2023 թվականին առաջին փառատոնի թեմատիկան հիմնականում պտտվում էր ժառանգության, արտագաղթի, պատերազմը վերապրելու, հասարակական ճգնաժամերի շուրջ։ Հատուկ նշանակության արժանացան այն ներկայացումները, որոնք աշխատում էին փաստագրական նյութերի հետ՝ բեմի վրա ներկայացնելով իրական մարդկանց պատմությունները։
2023-ի փառատոնի առանձնահատկությունն էր նաև երիտասարդ բեմադրիչների բարձր ակտիվությունը․ նրանց ներկայացումները հաճախ ավելի սուր էին, քան ավանդական թատերախմբերինը։ Ինչպես ասում են` թատրոնն օգնում է հանդիսատեսին հաղորդակցվել ժամանակակից իրողությունների հետ և ապրումակցելով ուղենշել նոր լուծումներ։

2024-ի Երևանյան միջազգային թատերական երկրորդ փառատոնն արդեն միանգամայն այլ ուղղվածության էր․ քաղաքը հյուրընկալել էր փորձարար արվեստագետների, որոնք համադրել էին թատրոնը նոր մեդիայի, տեխնոլոգիաների, միջառարկայական արվեստների հետ։ Այդ տարի երևանյան բեմահարթակներում ներկայացումներ էին, որտեղ գործողությունները տեղափոխվում էին հեռախոսների էկրաններ, ինտերակտիվ խաղային տարածքներ կամ քաղաքի իրական փողոցներ։
2024-ը փառատոնը «թատերական լաբորատորիայի» էր վերածվել ՝ մի վայրի, որտեղ փորձարկելը ոչ միայն խրախուսվում էր, այլև մեծ պահանջարկ ուներ։
Այս տարվա փառատոնը կարծես միավորել է նախորդ երկու տարիների փորձը․ տեխնոլոգիաներին ու փորձարարությանը զուգահեռ բեմադրիչների ուշադրության առանցքում նաև դասականների պիեսներն են։
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նախաձեռնությամբ անցկացվող փառատոնի նպատակն է հայ հանդիսատեսին ներկայացնել աշխարհի լավագույն թատերախմբերի բեմադրությունները, հայ թատրոնի համար միջազգայնացման նոր ուղի հարթել, ինչպես նաև հնարավորություն ընձեռել մշակույթի ոլորտի մասնագետներին զարգացնել մասնագիտական ցանցը, ուստի մայր թատրոնի համար սա նաև մեծ պատասխանատվություն է։
Երևանի միջազգային թատերական փառատոնն արդեն երեք տարի է մեր մշակութային կյանքի անբաժանելի մասն է` վերածվելով նաև տարածաշրջանային նշանակության հարթակի, որտեղ տարին մեկ անգամ հավաքվում են բեմական արվեստի նորարարները, թատրոնի վարպետները և փորձարարները։ Թատրոնի գլխավոր առաքելությունը փոփոխություններն են, որոնք էլ հանդիսատեսին է հրամցնում Երևանյան միջազգային թատերական փառատոնը` դառնալով հասարակության ինքնության որոնման մի ուրույն ճանապարհ և փոխըմբռնման կամուրջ։