Ավելի քան 3000 արտեֆակտ․ Եվրոպայում գողացված արտեֆակտների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր ցանց է բացահայտվել  

Եվրոպական յոթ երկրների իշխանությունները բացահայտել են հանցավոր խմբավորում, որն ավելի քան 16 տարի մաքսանենգ ճանապարհով տեղափոխել է մշակութային գողացված արտեֆակտներ․ գրում է Euronews-ը՝ հղում անելով բուլղարացի պաշտոնյաների։

Եվրոպոլի և Եվրոջասթի աջակցությամբ իրականացված գործողությունը ներառել է յոթ երկրներում գտնվող անշարժ գույքի, տրանսպորտային միջոցների և բանկային պահոցների 131 խուզարկություն։

Գործողության ընթացքում առգրավվել է ավելի քան 3000 արտեֆակտ, այդ թվում՝ հին ոսկե և արծաթե մետաղադրամներ և այլ հնություններ, որոնց արժեքը գերազանցում է 100 միլիոն եվրոն: Առգրավվել են արվեստի գործեր, զենքեր, փաստաթղթեր, էլեկտրոնային սարքեր, կանխիկ գումար և ոսկի:

Արդյունքում ձերբակալվել է Եվրոպայի թանգարաններից գողացված հազարավոր հնությունների ապօրինի առևտրով զբաղվող ցանցի հետ կապ ունեցող 35 մարդ։

Բուլղարիայի դատախազ Անգել Կանևի խոսքով՝ հանցավոր խումբը գործել է Արևմտյան Եվրոպայում, Բալկաններում, ԱՄՆ-ում և այլուր։ Հետաքննությունը հայտնաբերել է ավելի քան 1 միլիարդ դոլարի անօրինական միջոցներ, որոնք կապված են փողերի լվացման հետ։

Leave a Comment