Վարշավայում անցկացվել է Հայաստան–Լեհաստան գործարար համաժողով

Հայաստան-Լեհաստան միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում Վարշավայում անցկացվել է Հայաստան–Լեհաստան գործարար համաժողովը:

Համաժողովը պաշտոնապես բացել են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը և Լեհաստանի Տնտեսական զարգացման և տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Միխալ Բարանովսկին։

🔹 Գործարար համաժողովի ընթացքում ներկայացվել են վերջին տարիների ընթացքում իրականացված բազմաոլորտ բարեփոխումները և դրանց արդյունքում արձանագրված տնտեսական հաջողությունները, Հայաստանում բիզնես և ներդրումային միջավայրը՝ ընդգծելով վերջին տարիների տնտեսական աճը, բարենպաստ և կանխատեսելի ներդրումային դաշտը և երկու երկրների համագործակցության նոր ուղղությունները։

🔸 ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը ֆորումի ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձրել Հայաստանի տարածաշրջանային կապակցվածության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը։ Նա ներկայացրել է նախաձեռնության հիմնական նպատակը, որն ուղղված է տարածաշրջանում խաղաղ, անվտանգ և անխափան հաղորդակցման ուղիների ստեղծմանը, որոնք հնարավորություն կտան Հայաստանի միջոցով ձևավորել նոր տնտեսական և լոգիստիկ կապող օղակ Ասիայի և Եվրոպայի միջև։ Մասնակիցներին ներկայացվել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության տնտեսական հնարավորությունները առևտրային, լոգիստիկ և ներդրումների իրականացման կոնտեքստում։

Միջոցառման ընթացքում ելույթով հանդես է եկել նաև «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի գլխավոր տնօրեն Գոհար Աբաջյանը, որը ներկայացրել է ներդրողների համար նախատեսված պետական աջակցության գործիքները, ինչպես նաև Հայաստանի բարձր տեխնոլոգիական և նորարարական ներուժը, ներդրումների համար պետության ռազմավարական ոլորտները։ Նա նաև ընդգծել է, որ Հայաստանը շարունակաբար ընդլայնում է գործարար միջավայրի որակը, առաջարկում է պարզեցված ընթացակարգեր և տրամադրում է աջակցություն ներդրումային ամբողջ ցիկլի ընթացքում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment