Հայաստանում բոլոր նպաստներն ու կենսաթոշակները կվճարվեն միայն անկանխիկ եղանակով. նախարար

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբեր․/ԱՌԿԱ/. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ Հայաստանում բոլոր տեսակի  ​​նպաստներն ու կենսաթոշակներն ամբողջությամբ կվճարվեն անկանխիկ եղանակով։

Արսեն Թորոսյանը միաժամանակ հայտնել է, որ միայն վերջին ամսում 10 հազարով նվազել է կանխիկով ստացողների թիվը:

«Այս պահին ունենք 661 հազար քաղաքացի, որ որևէ տեսակի նպաստ կամ կենսաթոշակ է ստանում, նրանցից կանխիկ ստանում է ընդամենը 60 հազարը, 600 հազարը ստանում է անկանխիկ»,- ասել է նախարարը։

Նա հավելել է, որ այս կարգավորումն ուժի մեջ կմտնի ապրիլի 1-ից, որպեսզի 60 հազար քաղաքացիների համար, որոնց մի մասն աջակցության կարիք են ունենալու կանխիկից անկանխիկ անցման գործընթացում, դա լինի հնարավորինս սահուն:

Ավելի վաղ՝ նոյեմբերի 6-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պահանջել էր, որ կենսաթոշակների վճարումները կատարվեն բացառապես անկանխիկ եղանակով երկու շաբաթվա ընթացքում։

Ներկայումս միայն 75 տարեկանից բարձր անձինք են ստանում իրենց կենսաթոշակը կանխիկ։

Նպաստների և կենսաթոշակների քեշբեքի մասին

2022 թ.-ի հուլիսի 1-ից Հայաստանում կենսաթոշակառուների և նպաստ ստացողների համար գործում է քեշբեք ծրագիր։ Սկզբում նրանք ստանում էին ամսական ծախսերի 10% քեշբեք (ամսական առավելագույնը 5000 դրամ), հետագայում քեշբեքն ավելացավ մինչև 12% (ամսական առավելագույնը 6000 դրամ): Գումարը վճարվում է մինչև հաջորդ ամսվա 25-ը:

2026 թ.-ի հունվարի 1-ից քեշբեքի գումարը կավելանա մինչև 20%:

Leave a Comment