Firebird ընկերությունը ԱՄՆ արտահանման լիցենզիա է ստացել։ Ընկերությունը հայտարարել է Dell Technologies-ի հետ գործընկերության մասին՝ ամրապնդելով Հայաստանի դիրքերը արհեստական բանականության և թվային զարգացման ոլորտում։ Այս մասին ընկերությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ նախագծի իրականացումը հնարավոր է դարձել ՀՀ կառավարության աջակցության շնորհիվ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական առաջնորդությամբ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ և այլ դերակատարների մասնակցությամբ։ Փորձագիտական դաշտում կարծում են, որ ներդրումային այս ծրագիրը տնտեսական աճի կառուցվածքը կփոխի, համախառն ներքին արդյունքի կառուցվածքի մեջ տեխնոլոգիական գործոնները ավելի լուրջ դերակատարում կունենան։
Firebird-ը ԱՄՆ-ում գործող արհեստական բանականության (ԱԲ) ամպային և ենթակառուցվածքային տեխնոլոգիաների ընկերություն է։ Կազմակերպությունը ԱՄՆ արտահանման թույլտվություն է ստացել և հայտարարում է Հայաստանում իր առաջին 500 միլիոն դոլարի ներդրման մասին։ Ռազմիկ Հովակիմյան, Ալեքսանդր Եսայան, Նուբար Աֆեյան․ աշխարհում հայտնի այս գործարանները միասին են ստեղծել ընկերությունը։ Սա ըստ բազմամիլիարդանոց մեգանախագծի մեկնարկային փուլն է, որի նպատակն է տարածաշրջան բերել բարձր հզորությամբ ԱԲ գերհամակարգչային ենթակառուցված՝ ՖԲ գրառմամբ այս մասին հայտնել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։ Նա ընդգծել է, որ այս ձեռքբերումը բացում է ԱՄՆ-Հայաստան համագործակցության նոր էջ առաջատար տեխնոլոգիաների, նորարարության և ԱԲ ոլորտներում։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույց վարչապետն այսպես արձագանքեց ԱՄՆ կառավարության այդ որոշմանը․
«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Թրամփին։ Իհարկե, այդ ծրագիրը իրականացվում է Վաշինգտոնում օգոստոսի 8 ստորագրված մտադրությունների հուշագրի տրամաբանության մեջ։ Ես վերջերս առիթ ունեցա նախագահ Թրամփի հետ խոսելու այդ թեմայով, քանի որ ընթացակարգերի հետ կապված որոշակի մտահոգություններ ունեին ներդրողները։ Ուրախ եմ և շնորհակալ եմ, որ Սպիտակ տունը պատշաճ և շատ արագ արձագանքեց, և վստահաբար, այդ ներդրումային ծրագիրը կյանքի կկոչվի»։
Այս համագործակցությունն իրականություն է դարձել Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցության շնորհիվ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական առաջնորդությամբ և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ, ինչպես նաև ԱՄՆ առևտրի հարցերով քարտուղար Հովարդ Լատնիկի ու ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ակտիվ ներգրավվածությամբ։
ԱՄՆ Պետքարտուղարության, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության,Արդյունաբերության և անվտանգության բյուրոյի (BIS), ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի և Enterprise Armenia-ի համատեղ ջանքերն էլ ավելի են ամրապնդել այս համագործակցությունը։
Հայաստանը կդիրքավորվի որպես ԱԲ նորարարության տարածաշրջանային կենտրոն տարբեր ոլորտներում՝ շեշտը դնելով կենսաբանական գիտությունների, ռոբոտաշինության և տիեզերական տեխնոլոգիաների ոլորտների վրա։ «Firebird-ի ապագա կենտրոնները կմատակարարեն կայուն և բարձր արդյունավետությամբ ԱԲ ենթակառուցվածք՝ հիմնված ամերիկյան տեխնոլոգիական շղթայի և ԱՄՆ չափանիշների վրա՝ սպասարկելով զարգացող շուկաները»․ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանըներդրումային ծրագրի մասին հունիսի 12–ի կառավարության նիստում էր խոսել․
«Firebird-ը դառնում է NVIDIA–ի եվրոպական տարածաշրջանում գլխավոր գործընկերներից մեկը, Հայաստանում այս մեծ նախագիծը իրականացնելու նպատակով նախատեսում են 2026 թ․ից սկսել ծրագրի իրագործումը։ Հայտարարության մեջ նշված է, որ շուրջ 500 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում է նախատեսում իրականացնել, որը, նաև ենթադրում է մինչև 100 մեգավատ էլեկտրաէներգիայի սպառում»։
Առաջադեմ ԱԲ-ն հասանելի դարձնել յուրաքանչյուրին՝ ընդհանուր բարիքի համար՝ ԲՏԱ նախարարը մեջբերել է Firebird-ի համահիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Ռազմիկ Հովակիմյանի խոսքը։ Նա նշել է, որ կառուցում են այն տեխնոլոգիական հիմքը, որը ամենուրեք հնարավորություն է տալու ինժեներներին, հետազոտողներին և ստեղծարար մարդկանց աշխատելու համաշխարհային մակարդակի գործիքներով։ «Այս ներդրումը հիմնարար նշանակություն ունի Հայաստանի թվային և ԱԲ ապագայի ձևավորման համար»,– ընդգծել է
Firebird-ի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը։ Նա նշել է, որ Հայաստանում ձևավորում են ժամանակակից թվային և ԱԲ էկոհամակարգի հիմքեր, ինչը կարող է բարձրացնել տեղական մասնագիտական ներուժը և ներգրավել գլոբալ նորարարություն։
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ առավոտյան նա արհեստական բանականությանը քաղաքականությանը չվերաբերող 2 հարց է տվել՝
«Ինձ բռնացրեցիք, որովհետև ես ընդհանրապես չեմ օգտագործում, բայց այսօր WhatsApp–ի արհեստական ինտելեկտին 2 հարց եմ տվել՝ չկապված քաղաքականության հետ, ես սովորաբար չեմ օգտագործում։ Այդքան էլ գոհ չեմ։ Ընդհանրապես, իմ դիտարկումը , որը նաև կառավարության նիստերին էլ եմ անում, այն է, որ հարցերին պատասխանում են ավելի երկար, քան հարցվողը ակնկալում է, ոնց որ արհեստական բանականությունն էլ է տենց։ Համենայնդեպս, իմ հարցին ավելի երկար պատասխանեց, քան ես ակնկալում է»։
Տեխնոլոգիական ոլորտում սա ծանրակշիռ ներդրումային ծրագիր է՝ արձանագրում է վարչապետը։ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջգիտակարգային կենտրոնի ղեկավար Սոս Խաչիկյանը կարևորում է ներդրումային ծրագիրը, ասելով՝ եթե ծրագիրը կյանքի կոչվի, զարգանա, էական փոփոխություններ կլինեն նաև տնտեսական աճի կառուցվածքում․
«Դա նշանակում է, որ համախառն ներքին արդյունքի կառուցվածքի մեջ արդեն տեխնոլոգիական գործոնները ավելի լուրջ դերակատարում կունենան, բիզնես կարգավորումները, բիզնես մտածողությունը և բիզնեսի առաջնահերթությունները ձեռք կբերեն նոր դրսևորումներ՝ ի դեմս տեխնոլոգիաների։ Այս շրջանակում, իսկապես, նոր զարգացումներ կարող են տեղի ունենալ։ Իհարկե, դա կպահանջի համապատասխան իրավական կարգավորումներ, միջազգային համաձայնագրեր, արդեն եղած համաձայնագրերի լուրջ վերանայումներ, որովհետև գործարարության կամ բիզնեսի կամ տնտեսական կառուցվածքի այս ուղղությունը ենթադրում է տվյալների պաշտպանության նոր համակարգ, ենթադրում է կրթության և գիտելիքի կառավարման նոր համակարգ, և փոխկապակցված այս ուղղությունների շրջանակում էական լուրջ տրանսֆորմացիաներ են սպասվում, կարծում եմ»։
Ներդրումային ծրագրի հետ կապված հաղորդագրություն է տարածել նաև ՀՀ–ում ԱՄՆ դեսպանությունը՝ ողջունելով արհեստական բանականության ոլորտի ամերիկյան Firebird ընկերության հայտարարությունը՝ Հայաստանում նախնական 500 միլիոն դոլարի ներդրում կատարելու վերաբերյալ, որը իրականացվելու է Dell և NVIDIA ընկերությունների հետ ։ Այս նշանակալի առաջընթացը խթանում է օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան գագաթնաժողովում ստորագրված արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում գործընկերության մասին փոխըմբռնման հուշագրի իրագործումը։ Սա նաև կարևոր առաջընթաց է հայ-ամերիկյան առևտրային և ներդրումային հարաբերություններում՝ նշված է դեսպանության հաղորդագրությունում։