ՀԷՑ-ը լիցենզիայի գործողության դադարեցումից հետո ևս պարտավոր է կատարել իր բոլոր, այդ թվում՝ ֆինանսական պարտավորությունները. ՀԾԿՀ

Հաշվի առնելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետագա գործունեության կայունությանն առնչվող՝ հանրության շրջանում առկա մտահոգությունները, հայտնում ենք, որ համաձայն օրենսդրության՝ ընկերությունը էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիայի գործողության դադարեցումից հետո ևս պարտավոր է կատարել օրենսդրությամբ նախատեսված իր բոլոր, այդ թվում՝ ֆինանսական պարտավորությունները։

Ավելին, մինչև էլեկտրական էներգիայի բաշխման գործունեության ամբողջական փոխանցմանն ուղղված՝ օրենքով նախատեսված գործընթացների ավարտը, ընկերության գործադիր մարմնի գործառույթներ իրականացնող ժամանակավոր կառավարիչը պարտավոր է ապահովել ընկերության բնականոն գործունեությունը, այդ թվում՝ ֆինանսական կայունությունը, համակարգի հուսալի և անվտանգ աշխատանքը։

Ուստի, ընկերության լիցենզիայի զրկմամբ վերջինիս ֆինանսական և դրամական հոսքերի կայունությունը ոչ միայն չի խաթարվել, այլ նաև հաշվի առնելով գործող իրավական և տնտեսական կառուցակարգերը՝ չի էլ կարող խաթարվել։

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment