«Մարդիկ հիմա էլ ասում են, կատակում՝ եթե ազգանունդ հայի է, ոչ թե մեքսիկացու, դու հայ ես ու վերջ: Դժվար երկուսից էլ լինես»: Կատակերգու Ջեք Կրտսեր Ասսադուրյան

ԱՄՆ-ում՝ կատակերգական ակումբների սեփականատերերի որդի, հայկական և մեքսիկական ծագումով 40-ամյա կատակերգու Ջեք Կրտսեր Ասսադուրյանը հանդիսատեսից վերածվել է արտիստի: Նա այս օրերին երկրորդ անգամ է այցելել նախնիների երկիր և սիրով զրուցեց Aravot.am-ի հետ:

«Հաճախ բազմամշակութային ծագումս ներառում եմ ստենդափ ռեժիմում՝ կիսվելով պատմություններով ու փորձառություններով, որոնք արձագանք են գտնում տարբեր ծագում ունեցող հանդիսատեսի մոտ: Ուզում եմ, որ մարդիկ իմանան իմ պատմությունը. ժիր, չարաճճի երեխա եմ եղել, միևնույն ժամանակ՝ ծնողներիս ենթարկվող, նրանց խոսքը օրենք ընդունող: Այն երեխան եմ եղել, որ պատանի հասակում հայրս ինձ ասաց՝ դու պետք է աշխատես՝ ամաններ լվանալով, հատակներ մաքրելով…, մինչև հասնես ու հայտնվես բեմում»,- զրույցի սկզբում այսպես ներկայացավ մեր զրուցակիցը:

Հավելեց, իր խոսքերով՝ մեծացել է ավելի շատ մեքսիկական «օրենքներով», մոր կողմից տատիկի հովանավորությամբ. «այդ տարիներին իմ հայկական կողմն իրականում ներկա չէր, քանի որ նրանք Լիբանանում էին, իսկ հայերը, գիտեք, ցրված են տարբեր երկրներում՝ ցեղասպանության պատճառով: Հայրս՝ Ջեք Ավագը, 1975թ. եկել է Ամերիկա, ամուսնացել մորս՝ Թերեզայի հետ, հետո ծնվել եմ ես, ընտանիքս էլ հիմնականում իսպաներեն էր խոսում: Երբ արդեն մեծացա, հայրս ինձ գրանցեց հայկական մասնավոր դպրոցում, որպեսզի սովորեմ լեզուն ու հայ մշակույթը: Ինձ միշտ մանկուց ոգևորել ու ոգեշնչել են այնպիսի կատակերգուներ, ինչպիսիք են Գեբրիել «Փափկամազիկ» Իգլեսիասը, Ֆելիպե Էսպարզան և ուրիշներ»:

Հետաքրքրությանը՝ փոքր կամ պատանի, երիտասարդ հասակներում, թեկուզ հիմա, մարդիկ ինչպես են վերաբերում իր կրկնակի ազգությանը, Ասսադուրյանը ժպիտով պատասխանեց. «Իրավ, մարդիկ հիմա էլ ասում են, կատակում՝ եթե ազգանունդ հայի է, ոչ թե մեքսիկացու, դու հայ ես ու վերջ: Դժվար երկուսից էլ լինես»:

Հիշեց, որ կորոնայի ժամանակ, փակված լինելով տանը, ավելի շատ գրում էր «հայկական ազդեցության տակ գտնվող նյութեր»: Իսկ երբ կարանտինը ավարտվեց, սկսեց վարել մերձավոր արևելյան կատակերգության երեկոներ, որոնք միլիոնավոր դիտումներ բերեցին համացանցում:

Անկեղծացավ՝ նշելով, թե սովորել է, ինչպես համատեղել մեքսիկական և հայկական կատակները: «Երբ ներկա լինեք իմ ներկայացումներին, կտեսնեք այդ երկու մշակույթների միքսը: Ասեմ, որ սրանք այն մշակույթներն են, որոնք ժամանակին, մեղմ ասած՝ միմյանց տանել չէին կարող: Ես ստեղծում եմ բոլորովին նոր մոտեցում, ինչը հանդիսատեսին, հավատացնում եմ, խելագարության է հասցնում»,- հավաստիացրեց դերասանը:

Ռեպլիկին՝ առայժմ ձեզ բեմում չենք տեսել, ստացանք հետևյալ հակիրճ պատասխանը. «Հաջորդ՝ 2026թ. հուլիսին նախատեսում եմ համերգ՝ Երևանում»:

Դիտարկմանը, թե գուցե ցանկություն ունի իր փառատոնի աշխարհագրությունը ընդլայնել կամ երիտասարդ մեր կատակերգակների հետ վարպետության դասեր անցկացնել, աջակցել նրանց, մեր զրուցակիցը փառատոնի մասով ոչինչ չասաց, չմանրամասնեց, իսկ հայաստանցի կատակերգակների վերաբերյալ հայտնեց հետևյալը. «Այո, առաջիկայում ծրագրել եմ մենթոր լինել մի քանի սկսնակ կատակերգակների, որ գործակալները և մենեջերները նկատեն նրանց: Իրականում, Ամերիկայում այս պահին մենեջեր եմ երեք կատակերգուների»:

Որպես փորձառու կատակերգու՝ հանդիսատեսի կողմից ամենաշատ ծիծաղը, ծափերը որ երկրում է ստացել, այս հետաքրքրությանն էլ ի պատասխան՝ Ջեք Կրտսերը ժպիտով ասաց. «Ամենաշատը տանը՝ Գլենդելում, որտեղ ամեն ամիս կազմակերպում եմ հայ-մեքսիկական կատակերգական ընթրիքներ խոհարար ընկերոջս՝ հայկական խոհանոցի բովանդակություն ստեղծող Արա Զադայի հետ միասին»:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment