Հայաստանի հանրապետությունը «Մարտի 1»-ի գործով 9 դիմումատուներին եռամսյա ժամկետում պարտավոր է 30 հազարական եվրո վճարել, որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում։ Եվս 35 հազարական եվրո պետությունը կվճարի դիմումատուներին՝ իբրեւ կատարված ծախսերի փոխհատուցում։
Այս մասին այսօր խորհրդարանում «Մարտի 1»-ի գործի մասին ՄԻԵԴ վճռից հետո հանրային քննարկման ժամանակ ասաց վարչապետի աշխատակազմի Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Արտյոմ Սուջյանը։ Նա քննարկման ժամանակ ներկայացրեց ՄԻԵԴ-ի որոշման մանրամասները։ ՄԻԵԴ վճիռը հրապարակվել է սեպտեմբերի 18-ին, այն ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 18-ին։
Ընդհանուր առմամբ՝ 305 հազար եվրոյի մասին է խոսքը։
Բացի այդ, ՀՀ-ն պարտավորություն ունի վեցամսյա ժամկետում գործողությունների պլան ներկայացնի՝ տեղեկացնելով ՄԻԵԴ վճռով արձանագրված խախտումների վերացման ընթացքը։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ՝
Հիշեցնենք, «Ֆարմանյանը եւ մյուսներն ընդդեմ Հայաստանի»՝ 2008 թվականի մարտի 1-ի, գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռել է՝ ՀՀ-ն խախտել է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի երկրորդ հոդվածով ամրագրված կյանքի իրավունքը՝ մարտի 1-ի ոստիկանական գործողությունների ժամանակ մահացած Ա. Ֆարմանյանի, Տ. Խաչատրյանի, Գ. Քլոյանի, Հ. Հովհաննիսյանի, Դ. Պետրոսյանի, Գ. Գեւորգյանի եւ Տ. Աբգարյանի դեպքերում։
Այսինքն, սպանությունները բացահայտված չեն, ինչը նշանակում է, որ այդ ուղղությամբ ՀՀ իշխանությունը պատշաճ աշխատանք չի կատարել։ Ըստ ՄԻԵԴ-ի վճռի, այս մահերը տեղի են ունեցել պետության կողմից անհամաչափ ուժի կիրառման արդյունքում։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: