Երևանի ավագանին քննարկում է «Երևանի երթևեկության կառավարման կենտրոն» համայնքային հիմնարկ ստեղծելու և դրա կանոնադրությունը հաստատելու մասին հարցը։ Այն ներկայացրեց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։ Նա հայտարարեց․ «Երևանում երթևեկության կազմակերպումը լուրջ մարտահրավեր է քաղաքային իշխանության համար, այդ մարտահրավերները լրջորեն հասցեագրելու համար անհրաժեշտ է պատշաճ գործիքակազմ։ Երևանում կա երթևեկության ճգնաժամ։ Երևանի ավագանուն առաջարկվում է ստեղծել համայնքային հիմնարկ՝ «Երևանի երթևեկության կառավարման կենտրոն», որի գործառույթների մեջ պետք է մտնի տարբեր միջոցառումների և նախագծերի իրականացումը երթևեկության կազմակերպման ու կառավարման հետ կապված»։
Սուրեն Գրիգորյանն ասաց, որ համագործակցելու են Իլ դե ֆրանսի, Յանդեքսի հետ։ Այս նոր հիմնարկի ստեղծման արդյունքում «Երևանտրանսը» կլուծարվի։
Այս հարցի առիթով Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանն ասաց․ «Պարոն Գրիգորյան, քննության չեք, բայց նորմալ է, որ հարցեր են տալիս, նախագիծը բերել եք զննության վերահսկող մարմնի մոտ։ Կարմիր գծերից, որ այդքան խոսում եք ձեր փողկապներով, չեմ կարող չանդրադառնալ․ դատարանը հաստատել է՝ 400 միլիոն երևանցիներից տարել եք ու հետ չեք տալիս, բողոքարկում եք, արդարադատությանը խոչընդոտում։ Որ ասում եք՝ մարդիկ շատանում են, մեքենաները շատանում են, ճիշտ եք ասում, բայց դուք եք մեղավոր․ ամբողջ օրը շինթույլտվություն եք տալիս, քաղաքը գնում է կոլապսի, հետո ասում եք՝ էս ո՞նց եղավ։ Ես ընդունում եմ, որ կա երթևեկության ճգնաժամ, և կարիք կա ինչ-որ մեխանիզմով այս հարցը լուծել։ Բայց իմ պատկերացմամբ՝ ձուկը գլխից է փտած։ Հարցս՝ ո՞ր պահից եք հասկացել, որ Երևանի երթևեկությունը ճգնաժամային վիճակում է, որո՞նք են օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառները։ Դուք ուսումնասիրե՞լ եք սուբյեկտիվ պատճառները, փորձե՞լ եք հասկանալ՝ ձեր աշխատակազմից տվյալ գծով զբաղվող և պատասխանատու պաշտոնյաներից ո՞ր մեկն է ձախողել իր աշխատանքում։ Քանի՞ հոգի եք աշխատանքից հեռացրել։ Օրինակ՝ անընդհատ ուզում եմ հարցնել՝ Սարյան փողոցը, որ միակողմանի եք սարքել, միտքն այն է եղել, որ մեքենաների հոսքը մեծանա։ Սարյանը երկու կողմով փարքինգ եք դրել, երկու գիծ ունեցող փողոցը սարքել եք միակողմանի, միևնույն է՝ այն ունի երկու գիծ, որովհետև երրորդը չի աշխատում փարքինգի պատճառով։ Բա Կենտրոնի փողոցների ասֆալտը, որ սարքել եք երրորդ դասարանցու սևագիր, դրա պատասխանատուն ո՞վ է»։
Սուրեն Գրիգորյանն արձագանքեց․ «Տարբեր իշխանություններ էդ մոտեցումով են շարժվել՝ ինչ-որ մեկին քավության նոխազ սարքելը, դա գայթակղիչ է, բայց մեթոդը սխալ է։ 80 դիսպետչեր ենք ազատել, որովհետև այդ գործընթացն այս դարում մարդկանցով չի արվում»։
Երևանի ավագանու նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: