«Մարտի 1-ի գործի վերաբացման նպատակը քաղաքական հաշիվներ մաքրելը չէ»․ Ռուստամ Բաքոյան

Խորհրդարանում հանրային քննարկում է ընթանում «Մարտի 1»-ի գործի մասին՝ ՄԻԵԴ վճռից հետո։ Քննարկմանը ընդդիմադիրները չեն մասնակցում։

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի ՔՊ-ական տեղակալ Ռուստամ Բաքոյանն իր խոսքում ասաց՝ այս գործը քննության եւ արդարադատության իմիտացիա է եղել, օրվա իշխանությունը զբաղված էր գործի քննությունը միտումնավոր ձգձգելով եւ իրականությունը կոծկելով։ Ըստ նրա՝ այդ շրջանում քաղաքական հովանավորչությունը գերակա էր օրենքին, ուստի 2018-ից հետո Հայաստանի ժողովրդավարական իշխանությունը պարտավոր էր գործը բացահայտել։

«Մարտի 1-ի գործի վերաբացման նպատակը քաղաքական հաշիվներ մաքրելը չէ»,-ասաց Ռուստամ Բաքոյանը։

Հիշեցնենք, «Ֆարմանյանը եւ մյուսներն ընդդեմ Հայաստանի»՝ 2008 թվականի մարտի 1-ի, գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռել է՝ ՀՀ-ն խախտել է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի երկրորդ հոդվածով ամրագրված կյանքի իրավունքը՝ մարտի 1-ի ոստիկանական գործողությունների ժամանակ մահացած Ա. Ֆարմանյանի, Տ. Խաչատրյանի, Գ. Քլոյանի, Հ. Հովհաննիսյանի, Դ. Պետրոսյանի, Գ. Գեւորգյանի եւ Տ. Աբգարյանի դեպքերում։

Այսինքն, սպանությունները բացահայտված չեն, ինչը նշանակում է, որ այդ ուղղությամբ ՀՀ իշխանությունը պատշաճ աշխատանք չի կատարել։ Ըստ ՄԻԵԴ-ի վճռի, այս մահերը տեղի են ունեցել պետության կողմից անհամաչափ ուժի կիրառման արդյունքում։

«Մարտի 1-ի գործը պետք է դառնա անպատժելիության վերջին հանգրվանը»,- ասաց Ռուստամ Բաքոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment