Հայաստանի Աժ նախագահ Ալեն Սիմոնյանն իր վերջին հարցազրույցում արտահայտած մտքերից մեկով նոր քննարկում է դրել շրջանառության մեջ, որը վերաբերում է սահմանազատմանը և հայկական ու ադրբեջանական տարածքներին։ Ընդ որում՝ խոսքը ամենևին անկլավ–էքսկլավ խոսույթի մասին չէ, ինչին վերջին շրջանում անդրադարձել են բազմաթիվ քաղաքական գործիչներ։ Տարածքների փոխադարձ վերադարձը դիտարկվում է որպես սահմանազատման բաղկացուցիչ մաս, որը, ըստ էության, գործընթացի ամենավերջին փուլն է, որը կպահանջի տարիների աշխատանք։ Տևական ժամանակ է, ինչ սահմանազատման հարցերով հանձնաժողովից տեղեկություն չկա աշխատանքների շարունակության առումով։ ԱԺ–կառավարություն վերջին հարց ու պատասխանի ժամանակ սահմանազատման հարցերով հայկական հանձնաժողովի նախագահ, Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեղեկացրել էր, որ մոտ ապագայում կհայտարարեն հերթական հանդիպման մասին։ Վերջին անգամ սահմանազատման հանձնաժողովները հանդիպել էին սեպտեմբերին Սյունիքում TRIPP ծրագիրը քննարկելու համար։ Մհեր Գրիգորյանը չի բացառել, որ այդ ծրագրի համար արտահերթ սահմանազատման կարիք կարող է առաջանալ։
Ադրբեջանի շուրջ 110 ք/կմ տարածքում ՀՀ զինված ուժեր են տեղակայված․ «Լուրջ քասթ» փոդքասթի ժամանակ այսպիսի հայտարարություն է արել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«110 կիլոմետրի չափով մենք ենք իրանց տարածքում, մոտավորապես, ոչ ոք չի կարող կոնկրետ այդ թիվը ասել և մոտավորապես 200 քառակուսի կիլոմետրի չափով իրենք են մեր տարածքում։ Ես պաշտոնապես ասում եմ` այո, տեղեր կան, դեռ 90 ականներից սկսած մենք առաջ ենք, և հիմա մենք դա ենք այս կողմ, այն կողմ տանում»։
Ինչ տարածքների մասին է խոսում խորհրդարանի խոսնակը՝ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի համար, թերևս, գաղտնիք չէ։ Նրա կարծիքով՝ անակնկալ չպետք է լինի նաև Հայաստանի քաղաքացիների համար։
«Ժողովուրդ ջան, լրիվ պարզ երևում է` այդտեղ այդպիսի մեծ գաղտնիք չկա։ Ոսկեպարի հատվածում և Բերքաբերի հատվածում նման տարածքներ ունենք»։
Այս ամենը դեռ պարզապես ներքին խոսակցություններ են, քանի որ գործնականում թվերը սահմանազատման ընթացքում պետք է ճշտվեն։
Խոսքն ամենևին անկլավ–էքսկլավ խոսույթի մասին չէ։ Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանը հիշեցնում է, որ ադրբեջանական կողմը դեռ 2024–ին դաշտ նետեց տարածքների վերադարձի թեման, բայց խոսույթը աստիճանաբար մեղմվեց։
«8 գյուղերի մասին էր խոսում։ 2024 թվականի մարտին խոսքը 4 գյուղերի մասին էր ոչ անկլավային, ընդ որում՝ ամբողջ այդ տարածքները մոտ 8 կմ էր իմ հաշվարկներով, որ հայկական ուղիղ վերահսկողության էր, մի մասն էլ չեզոք գոտի էր։ Արդյունքում՝ այդ 8 կմ–ից հայկական կողմը մոտ 3.5 կմ² հանձնեց։ Այն մեծ եռանկյունին մնաց մեզ, որը շատ կարևոր էր նաև կոմունիկացիոն առումով։ Ինչու՞, որովհետև հակառակ կողմը այս պահանջները դնելով անցնում է քաղաքական հայտարարությունների դաշտից հենց այդ իրավական հիմքին, որը Ալմա Աթայի դեկլարացիան է, որը հին վարչական սահմաններ են խորհրդային շրջանի։ Ու եթե դու ինչ–որ բան պահանջում ես, դու նույն սկզբունքով պետք է ուրիշ բան տաս։ Որովհետև նույն քարտեզներով, որով Բաղանիս, Այրում, Աշաղ, Ասքիպարա ադրբեջանական գյուղերը, նույն քարտեզներով հարող տարածքները հայկական են կամ Արծվաշենը հայկական, և դու չես կարող ընտրես։ Սա է պատճառը, որ Ադրբեջանը գնալով հրաժարվել է նաև այդ պահանջներից, որովհետև հասկացել է՝ ինքն էլ կորցնելու բան ունի»։
Ամեն դեպքում, պաշտոնական Երևանը հայտարարում է, որ եթե սահմանազատման ընթացքում իրավական հիմքերը պարզվեն և հաստատվեն, ապա Հայաստանը պատրաստ է վերադարձնելու իր վերահսկողության տակ գտնվող ադրբեջանական գյուղերը։ Իր վերջին հարցազրույցներից մեկում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշում էր, որ այդ հարցի իրավական հիմքերի ուսումնասիրություններ և քննարկումներ կողմերի միջև դեռ չեն սկսվել։ Այս պրոցեսը սահմանազատման մաս պետք է լինի։
«Ադրբեջանը իր հիմքերը պետք է բերի, մենք մեր հիմքերը պետք է բերենք, էն, որ 1991 թ.–ին մեր անկախության նախորդող շրջանում Հայաստանի Հանրապետության տարածքում եղել են կոնկրետ գյուղեր, էդ գաղտնիք չի, էդ գյուղերի մի մասը Իջևանի շրջանում են, և ես էդ գյուղերի միջով անցել, գնացել եմ էդտեղ մենակ անկլավների թեման չի, ուրիշ թեմաներ էլ կա։ Նկատի ունեմ, որ 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջականությունները պատկերացնելով մենք ունենք խնդիր և որ մեր տարածքներն են օկուպացիայի ներքո և որ իրենց տարածքներն են օկուպացիայի ներքո։ Աչքաչափով կարող ենք ասել` ինչի մասին է խոսքը, բայց դա լավ ժանր չի, որովհետև մենք իրավական պրոցեսը թողած մտահանգումներով ենք առաջնորդվում»։
Սահմանազատման հետ է նաև Հայաստանը կապում այն ակնկալիքը, որ ադրբեջանական զինուժը դուրս կգա Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերի՝ 2021 և 2022 թվականներին օկուպացրած տարածքներից։
Իրավական հիմքեր, սակայն, դեռ պետք է ներկայացվեն նաև անկլավ–էքսկլավ քննարկումների ժամանակ։ Թեև դա, որպես կանոն, սահմանազատման ամենավերջին փուլն է և տարիներ է պահանջելու, բայց քարտեզագետ, աշխարհագրագետ Ռուբեն Գալջյանն արդեն հիմա բացահայտում է․
«Եթե Ադրբեջանն ասում է` այդ տարածքը իմն է, ապա ինքը պիտի փաստաթուղթ ներկայացնի՝ ե՞րբ, ինչպե՞ս, ի՞նչ միջոցով, ի՞նչ կերպով այն հանձնվեց իրեն։ Չունեն։ Խոսում են, դրա մասին։ Մենք էլ ասում ենք՝ արխիվներ կան։ Ես որոշ չափով հետազոտել եմ։ Իմ գործընկերներից մասնագետներ կան, որ տարիներ այնդեղ է աշխատել։ Ոչ մի փաստաթուղթ գոյություն չունի, որ անկլավները հանձնվել են Ադրբեջանին։ Պարզապես խորհրդային շտաբի քարտեզների վրա գծվել են և հանձնվել հասարակությանը»։
Անկլավների թեման շարունակելով, քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանը նշում է, որ այս թեման Հայաստանում և Ադրբեջանում համարժեք չեն ներկայացված՝ հաշվի առնելով Հայաստանի բաց տեղեկատվության և Ադրբեջանի փակ ինֆորմացիոն սկզբունքները։
«Եթե դուք բացեք ադրբեջանալեզու հոդվածներ Արծվաշենի մասին, իրենք ասում են` դա աննշան ինչ–որ տարածք է։ Բայց հարևան գյուղերի բնակիչները միանգամից ասում են` մեր ճանապարհը շրջկենտրոնից կտրվում է, բարձունքները հայերի ձեռքին են, մենք տարածքը որպես արոտ ենք օգտագործում, այնտեղ իրենք ջրամբար են կառուցել, ջրային ռեսուրսներն են օգտագործում։ Այսինքն` իրենց ինֆորմացիոն դաշտը այնպիսին է, որ Արծվաշենը ոչ մի նշանակություն չունի, թեև 30 գյուղի ճանապարհ է կտրում դեպի շրջկենտրոն։ Մեր ինֆորմացիոն դաշտը այնպիսի տպավորություն է ստեղծել, որ ասենք, եթե Քյարքին վերադառնում է Ադրբեջանին, մենք կորցնում ենք կապը Իրանի հետ»։
Ի դեպ, Ադրբեջանն ավարտում է ճանապարհի շինարարությունը, որը պետք է միանա «Թրամփի ուղուն»։ Այդ մասին հայտարարել է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Տաշքենդում Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների 7-րդ խորհրդատվական հանդիպմանը: «Թրամփի ուղին» տրանսպորտային զարկերակ է, որը կանցնի Հայաստանի Սյունիքի մարզով և Ադրբեջանի հիմնական մասը կկապի Նախիջևանի հետ։ Ալիևը հայտարարել է, մեջբերում․ «Ադրբեջանի տարածքում Զանգեզուրի միջանցքի շինարարությունը մոտենում է ավարտին։
15 մլն տոննա թողունակությամբ երկաթգիծը սկզբնական փուլում կդառնա Միջին միջանցքի կարևոր զարկերակ։ Ավարտին է մոտենում նաև ավտոմայրուղու շինարարությունը, որը կլինի Զանգեզուրի միջանցքի մի մասը»։
Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ Բաքվին տրվել է Կենտրոնական Ասիայի խորհրդատվական հանդիպումների լիիրավ անդամի կարգավիճակ։ Այսպիսով՝ Ադրբեջանը խառնում է բոլոր խաղաքարտերը, կարծում է քաղաքագետը՝ առանձնացնելով առնվազն 7 հարց, որոնք առաջանում են Ալիևի՝ Տաշքենդում ունեցած ելույթներից և դիրքավորումից։
Արմեն Պետրոսյանի կարծիքով՝ C6 հարթակի բյուրեղացման ճանապարհին, ինչպես նաև ԵՄ-Հայաստան գործընթացի իրատեսականության պարագայում բարդ իրավիճակում է հայտնվելու ԵԱՏՄ-ն։ Կանխատեսելի է, որ այն, որպես միասնական մաքսային և տնտեսական գոտի, կարող է վերածվել C6+ Ռուսաստան շատ ավելի լայն բովանդակային ձևաչափի։ Մեկ այլ կետով քաղաքագետն ընդգծում է, որ ըստ էության, առնվազն աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական տեսանկյունից Հայաստանը վերածվում է Կենտրոնական Ասիայի հարևան երկրի, իսկ TRIPP-ը՝ շատ ավելի կարևոր լոգիստիկ նախագծի։