ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր աջակցությունն է հայտնել Կոնգրեսի անդամների առաջարկած օրինագծին, որը պատժամիջոցներ է նախատեսում Ռուսաստանի հետ բիզնես կամ առևտուր վարող երկրների նկատմամբ․ գրում է oneindia.com-ը։
Թրամփն ընդգծել է, որ Իրանը կարող է լինել նման միջոցառումների ենթակա երկրների շարքում։
«Ես լսել եմ դրա մասին, և ես գոհ եմ դրանից։ Հանրապետականները ներկայացնում են մի օրինագիծ, որը շատ խիստ պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի հետ գործարք կնքող ցանկացած երկրի նկատմամբ, և դրանք կարող են ներառել նաև Իրանը»,- հայտարարել է ամերիկացի առաջնորդը։
Այս քայլը հաջորդում է Միացյալ Նահանգների հայտարարությանը, թե Թրամփը «հսկայական» պատժամիջոցներ է սահմանել ռուսական նավթային հսկաներ «Լուկոյլ»-ի և «Ռոսնեֆտ»-ի դեմ։ Այս միջոցառումները նպատակ ունեն թուլացնելու Ռուսաստանի էներգետիկ ոլորտը և սահմանափակելու Ուկրաինայում պատերազմը ֆինանսավորելու նրա կարողությունը։
Օրինագիծը Թրամփին լիազորություն կտա մինչև 500 տոկոս բարձր մաքսատուրքեր սահմանել այն երկրներից ներմուծվող ապրանքների համար, որոնք գնում են ռուսական նավթ կամ գազ և համարվում են Ուկրաինային «անբավարար» աջակցող։ Այս քայլը թիրախավորում է ռուսական էներգիայի խոշոր գնորդներին, այդ թվում՝ Չինաստանին և Հնդկաստանին․ գրում է news18.com-ը։