Փաշինյանն «անողնաշար» քաղաքական գործիչ է, ով պատրաստ է ամեն ինչ անել՝ «Բրյուսելի պարոնների» համակրանքը շահելու համար․ ռուս պատգամավորներ

Եթե Հայաստանի իշխանությունները իսկապես քննարկում են ռուսական հացահատիկի մատակարարումներից հրաժարվելն՝ ուկրաինականի օգտին, ապա դա կարող է վկայել Երևանի ռազմավարական ուղղության մասին․ այն վերահավասարակշռում է իր արտաքին քաղաքականությունը։ Այս մասին NEWS.ru-ի հետ զրույցում նշել է Պետդումայի պատգամավոր Սերգեյ Ալտուխովը։ Պատգամավորը վստահ է, որ այս քայլը զգալի ռիսկեր կպարունակի Հայաստանի համար։

Նրա խոսքով՝ այս որոշումը ոչ այնքան տնտեսական է, որքան քաղաքական և խորհրդանշական։ Այն ցույց է տալիս առաջնահերթությունների փոփոխություն և Արևմուտքի հետ կապված նոր տնտեսական և լոգիստիկ շղթաներին ինտեգրվելու փորձ։

Ըստ Ալտուխովի, եթե Եվրամիությունը Հայաստանին տրամադրի փոխհատուցում՝ ավելի թանկ ուկրաինական հացահատիկի ներմուծման ծախսերի տարբերությունը ծածկելու համար, Երևանը կարճաժամկետ հեռանկարում կշահի։

«Հայաստանը հացահատիկ կստանա՝ առանց ուղղակի բյուջետային ծախսերի։ Սակայն այս աջակցությունը երկար չի տևի»,- եզրափակել է պատգամավորը։

Ըստ պատգամավոր Սերգեյ Միրոնովի՝ Ռուսաստանը ոչինչ չի կորցնի։

«Անիմաստ է կռահել, թե ինչ որոշում կկայացնի Երևանն ի վերջո։ Ավելին՝ Ռուսաստանին նման գնորդ կորցնելու վտանգ չի սպառնում։ Ակնհայտ է, որ մատակարարների փոփոխությունը կարող է վնասել հենց Հայաստանին, բայց, կարծես, սա վերջին բանն է, որի մասին մտածում է երկրի ղեկավարությունը»,- նշել է քաղաքական գործիչը։

Խորհրդարանականը Փաշինյանին անվանել է «անողնաշար» քաղաքական գործիչ, ով պատրաստ է ամեն ինչ անել՝ «Բրյուսելի պարոնների» համակրանքը շահելու համար։ Եթե Հայաստանի վարչապետը հասկանա, որ Ռուսաստանի արձագանքը հացահատիկից հրաժարվելուն իր համար ցավոտ կլինի, նա նույնքան հեշտությամբ հետ կքաշվի և կհերքի ամեն ինչ։

Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի առաջին փոխնախագահ Ալեքսեյ Չեպան ենթադրել է, որ Երևանի և Կիևի միջև «հացահատիկի գործարքը» կարող է լինել ոչ այնքան քաղաքական, որքան՝ առևտրային։ Նա նշել է, որ ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքի մեծ մասը վաղուց պատկանում է օտարերկրյա ընկերություններին. մի պահ նրանք վարձակալությամբ սարքավորումներ էին տրամադրում Ուկրաինային, իսկ ուկրաինացի գյուղացիները վճարում էին հացահատիկով։

«Երբ արևմտյան քաղաքական գործիչները 2022 թվականին աղմուկ բարձրացրին ուկրաինական հացահատիկի շուրջ՝ պնդելով, որ հատուկ ռազմական գործողությունը կհանգեցնի «համաշխարհային սովի», նրանք նպատակ ունեին թույլ տալ եվրոպացիներին վերցնել ուկրաինացի ֆերմերներից բերքը և վաճառել այն։ Հետևաբար, ոչ թե ուկրաինացի ժողովուրդն է ստանում գումարը, այլ՝ Արևմուտքը։ Հնարավոր է՝ նրանք ցանկանում են այս հացահատիկը վաճառել Հայաստանին, որտեղ այն Ուկրաինայից տեղափոխելն ավելի հեշտ կլինի, քան, օրինակ, Գերմանիա»,- բացատրել է պատգամավորը։

 

 

 

Leave a Comment