Զարկի, որ սիրտդ չպատռի. դո՞ւ չըսիր, թե շատ խնդալուց մարդու սիրտը կպատռի

Վահան Տերյանի հայրը մրգերը սայլով էր առնում, թե «լավ է մի անգամ կուշտ ուտել, քան տասն անգամ համը տեսնել»։ Մի անգամ էլ, սովորության համաձայն, երբ սայլով ձմերուկ է առնում, Տերյանը ուրախությունից սկսում է ծիծաղել։ Հայրը ապտակում է, Տերյանի ծիծաղը լացի է վերածվում։ Ապա, համբուրելով, նստեցնում է ձմերուկների կույտի վրա և սկսում սիրտն առնել ու բացատրել, թե ինչու ապտակեց.

– Տե՛ս, էս բոլորը քոնն է, բալա՛ս։

-Հա՛, հըպը ինչի՞ զարկիր։

-Զարկի, որ ուրախությունից սիրտդ չպատռի։ Շատ ուժով խնդալուց մարդու սիրտը կպատռի։

Մի օր էլ հայրը գյուղամիջում նստած զրուցում է գյուղացիների հետ։ Վանիկն էլ, ըստ սովորության, գիրկը նստած եղունգներն էր կրծոտում։ Զրուցակիցներից մեկը ծիծաղելի դեպք է պատմում։ Տերյանի հայրը սկսում է քահ-քահ ծիծաղել։ Շրա՛փ, իր փափլիկ թաթով մի փառավոր ապտակ է հասցնում Վանիկը հոր երեսին: Հայրը բարկանում է և հարցնում՝ ինչու այդպես վարվեց։

-Զարկի, որ սիրտդ չպատռի։ Դո՞ւ չըսիր, թե շատ խնդալուց մարդու սիրտը կպատռի։

Հայրն իսկույն հիշում է ձմերուկի պատմությունն ու ծիծաղելով պատմում զրուցակիցներին։

Լուսանկարում Վահան Տերյանի հայրն է՝ ՝քահանա Սուքիաս Տեր-Գրիգորյանը

Leave a Comment