![]()
Ամիսներ առաջ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ելույթում ասել է.
«Ի՞նչ է ուրեմն անում Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի նախագահի պաշտոնակատարի, ապա նախագահի պաշտոնում հայտնվելուց հետո. Լեռնային Ղարաբաղին զրկում է բանակցությունների մասնակցի կարգավիճակից, այսինքն՝ Քոչարյանի Հայաստանի նախագահ դառնալուց հետո Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները բանակցություններին չէին մասնակցում, մինչդեռ դրանից առաջ մասնակցում էին լիարժեք:
Որ Ռոբերտ Քոչարյանի Հայաստանի նախագահ դառնալու պահին Լեռնային Ղարաբաղը բանակցությունների լիարժեք կողմ էր, ապացուցվում է նաև այն փաստով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, այսպես կոչված, «Ընդհանուր պետություն» փաթեթը ԵԱՀԿ ՄԽ համանախագահները 1998թ. նոյեմբերին ներկայացրել են ոչ միայն Հայաստանին ու Ադրբեջանին, այլև Լեռնային Ղարաբաղին:
Այդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի նախագահ էր արդեն 5 ամիս: Բայց սա վերջին փաթեթն էր, որ համանախագահողների կողմից ներկայացվեց նաև Լեռնային Ղարաբաղին: Դրանից հետո այլևս Լեռնային Ղարաբաղին փաթեթ չի ներկայացվել: Լեռնային Ղարաբաղը փաստացի նույնիսկ նորմալ տեղեկացված չի եղել, թե ինչի շուրջ են ընթանում բանակցությունները:
Իսկ որ Լեռնային Ղարաբաղին բանակցային գործընթացից հեռացնելը տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնությամբ, վկայել են՝
1․ ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահող Բեռնար Ֆասիեն, որը 2009 թ. հոկտեմբերի 2-ին Ստեփանակերտ կատարած այցելության ժամանակ հայտարարել է, որ բանակցային գործընթացին «Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությունը ժամանակին դադարեցվել է հայկական կողմի որոշմամբ»:
2․ Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, որը 2019 թվականի նոյեմբերի 11-ին Երևանում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարել է. «Ավելի վաղ փուլում, երբ դադարեցրել էին ռազմական գործողությունները, Լեռնային Ղարաբաղը բանակցությունների մասնակից էր, սակայն ինչ-որ փուլում Հայաստանի նախկին նախագահներից մեկը որոշեց, որ Լեռնային Ղարաբաղի շահերը պետք է ներկայացնի Երևանը»:
3․ Լևոն Տեր-Պետրոսյանը, 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարելով. «Ռոբերտ Քոչարյանն Արկադի Ղուկասյանի լուռ համաձայնությամբ կամ լիակատար համաձայնությամբ Ղարաբաղը դուրս դրեց բանակցությունների գործընթացից և սկսեց պաշտոնապես խոսել Ղարաբաղի անունից: Սրանից ավելի մեծ նվեր միջազգային հանրությանը և հատկապես Ադրբեջանին Ռոբերտ Քոչարյանը չէր կարող անել: Հայ դիվանագիտության ամենամեծ նվաճումը Ռոբերտ Քոչարյանը և Արկադի Ղուկասյանը ոչնչացրին»:
4. Ինքը Ռոբերտ Քոչարյանն է վկայել այդ մասին, 2004 թվականի ապրիլի 3-ին «Գոլոս Արմենիի» թերթի ընթերցողների հարցերին պատասխանելիս անդրադարձել է Ղարաբաղի՝ բանակցային սեղանից դուրս մնալուն, ասելով հետևյալը. «Տպավորություն էր ստեղծվել, որ Հայաստանը պատրաստ է կարգավորման ցանկացած ձևի, բայց խնդիրը Ղարաբաղն է, ավելի ճիշտ` Ղարաբաղի ղեկավարությունը: Հարց էր առաջանում. միթե՞ Հայաստանն ի վիճակի չէ իրենից Ղարաբաղի ակնհայտ կախվածության պայմաններում ճնշում գործադրել և ստիպել համաձայնել այս կամ այն դիրքորոշման հետ: Ես առաջարկել եմ փոխել այդ տեսակետը և փորձել Հայաստանի ռեսուրսն օգտագործել՝ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ սեփական դիրքորոշումը և մոտեցումները մշակելու համար: Այսինքն՝ ոչ թե «մենք համաձայն ենք կարգավորման ցանկացած ձևի, որին կհամաձայնի Ղարաբաղը», այլ մենք ունենք սեփական դիրքորոշում և պատրաստ ենք այն պնդել: Իմ ընտրվելուց հետո ես այդպես էլ արեցի»:
Իր այս դիրքորոշմամբ, ի դեպ, Ռոբերտ Քոչարյանը Լեռնային Ղարաբաղի հիմնարար օրենսդրության կոպտագույն խախտում է արել, այն պարզ պատճառով, որ 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեով Ղարաբաղի ժողովուրդը «Այո» է պատասխանել հետևյալ հարցին. «Համաձա՞յն եք Դուք, որպեսզի հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լինի անկախ պետություն, ինքնուրույն որոշելով համագործակցության ձևը ուրիշ պետությունների և ընկերակցությունների հետ»: Փաստորեն, Ռոբերտ Քոչարյանը Լեռնային Ղարաբաղին զրկեց որևէ ինքնուրույնությունից: Եվ այդպիսով խախտեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքը:
Ավելին՝ նա Լեռնային Ղարաբաղին զրկեց միջազգայնորեն ճանաչված միակ կարգավիճակից, այն կարգավիճակից, որ նրան հնարավորություն էր տալիս միևնույն սեղանի շուրջ նստել Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ադրբեջանի, Հայաստանի ներկայացուցիչների հետ՝ որպես հակամարտության ու բանակցային գործընթացի կողմ»:
Սա, ըստ էության, Լեռնային Ղարաբաղի միջազգային սուբյեկտայնության վերջն էր: Այն, թերևս, միակ միջազգային ձեռքբերումը, որ ունեցել էինք Ղարաբաղի հարցում՝ մսխվեց»:
![]()
Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ