Հայաստանը չի պատրաստվում հրաժարվել ռուսական ցորենից՝ տարածվող լուրերին ի պատասխան խորհրդարանում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, միաժամանակ նաև հաստատել, որ Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրման նոր ճանապարհը գործարկելուց հետո Հայաստանը տարբեր առաջարկներ է ստացել մատակարարողներից։ Վարչապետը նաև խորհրդարանում հրապարակել է TRIPP նախագծի ճանապարհային քարտեզը և ժամանակացույցը, ինչպես նաև նախնական երթուղիները։
Հայաստան եկած ղազախական ցորենի թեման խիստ, այսպես ասած, թրենդային է դարձել և արդեն միջազգային քննարկման թեմա։ Խնդրին հասցրել է անդրադառնալ Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունը, ապա նաև՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։ Այսպիսով՝ պաշտոնական Մոսկվան տեղեկություններ է տարածում, թե Հայաստանը պատրաստվում է կրկնակի բարձր գնով ցորեն գնել Ուկրաինայից՝ հրաժարվելով ռուսական մատչելիից, միայն թե, ըստ ձևակերպման, ազատվի Ռուսաստանից։
Հարցը սովորական ասեկոսեի մակարդակում կմնար, եթե դրան չանդրադառնային կոնկրետ կառույցները՝ ասում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Բաբկեն Թունյանը։
«Այս հայտարարությունը հետաքրքիր էր նրանով, որ դա արել են ոչ թե ինչ–որ փորձագիտական շրջանակներ, ոչ թե ինչ–որ առանձին լրատվականներ, այլ՝ իրենց արտաքին հետախուզական ծառայությունը, և նախագահի մամուլի քարտուղարն էլ ըստ էության հաստատել է»։
Հայաստանի վարչապետն այս առիթով ԱԺ ամբիոնից նախ հիշեցրեց, որ Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունը 44–օրյա պատերազմից առաջ էլ այլ՝ իրականությանը չհամապատասխանող բազմաթիվ այլ հայտարարություններ է արել։ Ինչ վերաբերում է ցորենի թեմային, ապա վարչապետը հայտարարում է, որ Հայաստանը երբեք չի հրաժարվի ռուսական ցորենից, բայց չի հրաժարվի նաև մյուս հետաքրքիր առաջարկներից՝ հավելել է նա։
«Այսօր ես չեմ ուզում թաքցնել՝ առաջարկներ կան։ Երբ տեսել են, որ մենք Ղազախստանից ձեռք ենք բերել, ուրիշ վաճառողներն էլ ասում են` կարո՞ղ է հետաքրքիր է ձեզ այդ թեման։ Մենք էլ ասում ենք` գինը ասեք։ Գինը և որակը հետաքրքիր կլինի՝ հետաքրքիր կլինի, բնականաբար, հետաքրքիր չի, կասենք` չէ, հետաքրքիր չէ։ Ի՞նչ է խնդիրը։ Այսինքն՝ ցորեն գնելն էլ ամուսնությու՞ն է, հա՞։ Այդ ռեժիմը ես չեմ հասկանում։ Տե՞ր ես, որդյակս, տեր եմ, հնազա՞նդ ես։ Այդպիսի հարաբերություն չկա։ Մենք ցորենի առևտրի մեջ ոչ մեկի հետ այդպիսի հարաբերության մեջ չենք մտել»։
Ցորենի ներկրումից՝ անցում հաղորդակցության ուղիներին։ Հանրությանը անհանգստացնում է TRIPP ծրագրին առնչությամբ ադրբեջանցի պատգամավորներից մեկի հայտարարությունը, թե Թրամփի ուղին պետք է գործի Ադրբեջանի համար ընդունելի պայմաններով։ Վարչապետ Փաշինյանը ընդգծում է՝ երկուստեք ընդունելի պայմանները քննարկվել և հաստատվել են Վաշինգտոնում։
«Վաշինգտոնի հռչակագրի 3-րդ կետում Ադրբեջանը ստորագրել է այն թղթի տակ, թե որոնք են այդ ընդունելի պայմանները։ Դրանք են` տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, փոխադարձություն, սահմանների անխախտելիություն»։
Հայաստանի վարչապետը հաստատում է, որ TRIPP ծրագրի իրականացման համար կողմերի միջև արդեն ըմբռնում կա։ Հաստատված ժամանակացույցի համաձայն՝ մինչև տարվա վերջ թղթի վրա նկարագրվելու են բոլոր մանրամասները, 2026–ի առաջին կեսին դրանք պետք է համաձայնեցվեն, երկրորդ կեսին՝ սկսեն շինարարական աշխատանքները։ Հայաստանի վարչապետը չի բացառում, որ ժամկետների որոշակի շեղում կարող է լինել ընթացքում։ Որոշ մանրամասներ, սակայն, արդեն հաստատվել են։
«Ես կարող եմ հստակ ասել, թե երկաթուղին որտեղով է անցնելու։ Երկաթուղին անցնելու է խորհրդային ժամանակ գոյություն ունեցած երկաթուղու երկաթուղով, որովհետև ուրիշ տեղով երկաթուղի կառուցելը իրատեսական չէ։ Ես կարող եմ ասել, որ գազամուղը անցնելու է դրանից էականորեն հյուսիս, էլեկտրական գծերը անցնելու են էականորեն հյուսիս։ Ուսումնասիրությունները տեղում մենք արդեն սկսել ենք։ Չեմ կարող ասել՝ որը Սյունիքի մարզի հատվածում կմնա, որը՝ Վայոց ձորի մարզի հատվածում, որովհետև դա բազմաթիվ գործոններից է կախված։ Քարտեզի վրա ամեն ինչ հարթ է։ Թվում է, թե որտեղ ուզենաս՝ գիծը կքաշես, բայց տեղանքը, բնությունը ուրիշ բան է։ Հստակ չգիտենք` նավթամուղի հետ կապված ինչ կարող ենք ասել, որովհետև այնտեղ էլ ուրիշ հաշվարկներ կան, ուրիշ ներդրումային հնարավորություն։ Բայց ես մի բան կարող եմ հաստատ ասել` այդ նախագիծը իրականացվելու է և շատ արագ, շատ մեծ տեմպերով։»
Այս բոլոր ծրագրերի առնչությամբ տարբեր վերապահումներ, անհամաձայնություններ ու նաև մտավախություններ են հայտնում նախկին նախագահները։ Կոնսպիրատիվ զրույցները, սակայն, ասում է Փաշինյանը, ընդունելի և ընկալելի չեն։
«Լսեք, եկեք։ Եկեք ասեք, եկեք դիմացս կանգնեք, ասեք` տեսեք ինչ կլինի։ Այս բնավորությունը՝ կոնսպիրացիայի մասին խոսել, թողել, փախչել, թողել, չգալ․․․ Նրանք բանավեճից հրաժարվել էին՝ քիչ չէ, հիմա էլ այսպես հերթով հրաժարվում են, հեսա մինչև ավագանի, տարածքային կազմակերպություն, բարեկամ, բաջանաղ, քեռի, բոլորը ով տեսնի, ճանապարհը փոխելու է, որ հանկարծ բանավեճի մեջ չմտնի»։
Եւ՝ Թրամփի ուղուց անցում նախընտրական հարցերի։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Էդուարդ Աղաջանյանը ընտրություններին ընդառաջ առաջարկում է նոր կարգ սահմանել ընտրապայքարի մեջ մտած ուժերի ընտրացուցակները գլխավորող գործիչների բանավեճը ապահովելու համար։ «Բերման ենթարկել բանավեճի» բառացիորեն այսպես է հնչում պատգամավորի առաջարկը, որը նա արեց խորհրդարանում։
«Փաստացի մի իրավիճակ է, երբ տրամաբանորեն պետք է հակառակը լիներ։ Պետք է, որ ընդդիմադիր գործիչները փորձեին հնարավորություն գտնել երկրի ղեկավարի հետ որևէ թեմայի շուրջ բանավիճել։ Այնինչ մենք տեսնում ենք հետևողականորեն խուսանավում և փախուստ, ըստ էության։ Միաժամանակ հայտնի է, որ «Տեսալսողական մեդիայի մասին» գործող օրենքով կա պարտադիր պայման, ըստ որի՝ Հանրային հեռուստաընկերությունը պարտավոր է մարզկենտրոնների ընտրությունների և համապետական ընտրությունների նախընտրական քարոզարշավի բոլոր մասնակիցների և մասնավորապես առաջին համարների մասնակցությամբ կազմակերպել բանավեճ։ Բայց այդ բանավեճերին չներկայանալու համար գոյություն չունի սանկցիա, և կա կարծիք, որ պետք է նաև նախատեսվի որոշակի սանկցիոն ինչ–որ մեխանիզմ, որով բերման կենթարկվեն, որքան էլ տարօրինակ է, այս մարդիկ, որպեսզի վերջապես այդ բանավեճերը տեղի ունենան»։
Կառավարության ղեկավարի համար առաջարկն անակնկալ էր, թեև նա տևական ժամանակ է, ինչ ընդդիմախոս նախկին նախագահներին հրավիրում է հանրային բանավեճի։ Առաջարկը նա թողեց ուժի մեջ։
«Մի քիչ զվարճալի հնչեց՝ «բերման ենթարկել բանավեճի»։ Շատ անսպասելի առաջարկ է։ Ճիշտն ասած, չեմ կարող ռեակցիա տալ։ Բայց ես ձեր ուշադրությունը հրավիրում եմ, որ 2021 թվականի ընտրություններում էլ ձեր նշած մարդկանցից առնվազն երկուսը առաջադրված էին, և նրանք բանավեճի չեկան և չմասնակցեցին։ Ես կարող եմ իմ կողմից ասել, որ իհարկե, վճռական եմ հաջորդ բանավեճին մասնակցելու, և բանավեճի իմ հրավերը, իհարկե, շարունակում է մնալ ուժի մեջ։ Այդ մարդիկ մի կողմից ասում են, որ ինձ հետ բանավիճելու բան չունեն, բայց հենց սկսում են խոսել, 4-րդ վայրկյանից ինչ խոսում են՝ ամբողջը ինձ հետ բանավեճ է։ Ձեր առաջարկի մասով էլ խորհրդարանը թող քննարկի, Վենետիկի հանձնաժողովի հետ խորհրդակցի»։
Ժողովրդավարական երկրներում սովորաբար բանավեճից խուսափելն անդրադառնում է գործչի վարկանիշի վրա։ Հայաստանում նախընտրական շրջանում դեռ առավել գործուն է հեռավար բանավեճը։