«Ասել եմ՝ կտամ օդանավ», «Կհրապարակվի նոր նամակ», «Մեզ զենք չեն ցանկացել վաճառել»․ Փաշինյանն ԱԺ-ում փակագծեր է բացել

ԵԱՀԿ ՄԽ լուծարման դեպքում էլ ոչ մի հանգամանք չի խանգարի՝ հրապարակելու բանակցային փաստաթղթեր՝ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է վարչապետ Փաշինյանը։ Խորհրդարանական հագեցած օրակարգից զատ՝ ներքաղաքական տարատեսակ հարցեր են դարձել վարչապետի հետ հարցուպատասխանի թեմա։ Փաշինյան-Քոչարյան-Սարգսյան հեռակա բանավեճում վարչապետն այսօր մի շարք նոր խոստումներ է տվել, օրինակ՝ փաստաթղթերից զատ նամակներ հրապարակել, նաև մի շարք նոր մանրամասներ է հայտնել՝ բացելով մի շարք փակագծեր, օրինակ, որ պատրաստակամ է եղել նախկին նախագահներին տրամադրել իրեն սպասարկող օդանավը։

«Շնորհավորում եմ Սերժ Սարգսյանին, որ իր կենսագրության մեջ կարող է գրել՝ ինձնից կորզել է խոստում»։

3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի մոտ 7 ժամանոց գիշերային հարցազրույցին անդրադառնալով՝ ասում է վարչապետ Փաշինյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցում նկատելով, որ, մեծ հաշվով, դա կորզում էլ չէ․այդպիսի  հայտարարություններ շատ են եղել։ «Ամիսներ առաջ էլ հրապարավ հանձնարարել եմ բանակցային փաստաթղթերը պատրաստել»,- հիշեցրեց Փաշինյանը՝ դա չհամարելով ընտրություններին ընդառաջ արված քայլ։ Ասաց՝ թղթերը կհրապարակվեն միայն որոշ գործընթացներից հետո, քանի որ, մեջբերում, «այդ փաթեթի տերը միայն Հայաստանը չէ»։  

«Ենթադրվում է, որ մինչև տարվա վերջ, երբ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարվի,  բարոյական և քաղաքական արգելքը նույնպես վերանա։ Այսինքն՝ այդ սուբյեկտը չի լինի, և մենք ազատ կլինենք այդ թղթերը հրապարակել»։

Պաշտոնական Բաքվից հնչած և վերջին օրերին հայաստանյան ներքաղաքական դաշտում շրջանառվող տեսակետներին, թե ԼՂ հակամարտության շուրջ բանակցային գործընթացը փակուղում է հայտնվել Փաշինյանի մեղքով՝ ինքը՝ Փաշինյանը, խոստում-հայտարարություն է ներկայացնում՝ փաթեթը հրապարակելուց հետո հանրությունը կտեսնի, թե ինչպես է Սերժ Սարգսյանն իր ձեռքով գրել և ստորագրել, որ ռազմական բալանսը խախտված է.

«Հեսա որ բանակցային փաթեթը հրապարակեմ, կկարդաք այն, ինչին  ես հղում եմ արել՝ 2016-ի ապրիլի առաջարկությունը, հուլիսի կամ հունիսի առաջարկությունը, օգոստոսի առաջարկությունը»։

Սերժ Սարգսյանն իր ծավալուն հարցազրույցում անդրադարձել էր ամենատարբեր հարցերի՝  խոսելով  2018-ի հեղափոխության,  իր հրաժարականի, ինչպես նաև 44-օրյա պատերազմի մասին։ Երրորդ նախագահը պարտության առաջին պատճառը համարել էր բանակցային գործընթացից խուսափելը և, իր ձևակերպմամբ, ընդհանրապես հրաժարվելը։

«Երկրորդ հանգամանքը կայանում էր նրանում, որ բանակցողներն  արեցին  այնպիսի գործողություններ, որոնք  Ադրբեջանին հնարավորություն տվեցին արդարացնելու պատերազմ սկսելու իր նախաձեռնությունը»:

 Փաշինյանն ի պատասխան  հայտարարեց, որ իր հանձնարարությամբ հիմա գաղտնազերծման փուլում է Սերժ Սարգսյանի՝ մեկ այլ երկրի ղեկավարին ուղղված մի նամակ։ Փակագծեր չբացվեցին, սակայն եղավ խոստում դրա հրապարակումից հետո ավելի մանրամասն անդրադառնալ այդ նամակին։   

Սերժ Սարգսյանը նաև պնդել էր, որ 44-օրյա պատերազմի օրերին Ռոբերտ Քոչարյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը պատրաստակամություն են հայտնել մեկնել Մոսկվա՝ բանակցությունների, սակայն Փաշինյանը մերժել է այդ առաջարկը։ Փաշինյանը հերքում է դա։ Առաջարկին պատասխան է տրվել՝ ասաց, բայց քայլեր չեն ձեռնարկվել։ Պատերազմի ընթացքում արտաքին գործերի նախարարությունն ամենօրյա ռեժիմով եղել է բանակցությունների գործընթացում։

«Օդանավն եմ տրամադրել, ասել եմ, ուր ուզում եք գնացեք։ Իրենք ասել են, որ այդպիսի ցանկություն ունեն, ես էլ ասել եմ օդանավը, որի վրա  «Հայաստան» է գրված, վերցրեք, գնացեք։ Թող գնային»։  

Փաշինյանը չի հաստատում մեկ այլ լուր էլ, թե իրեն հեղափոխության օրերին առաջարկվել է փոխվարչապետի պաշտոնը, միայն թե ցույցերը դադարեցնի։ Վարչապետն առաջին անգամ մի շարք մանրամասներ հայտնեց հեղափոխության այն օրերի մասին, երբ իրեն ձերբակալել և պահում էին մեկուսարանում և այդ ժամանակ փոխվարչապետ Կարեն Կարապետյանի հետ ունեցած զրույցից դրվագներ։ 

«Կարեն Կարապետյանը մեկուսարանում ինձ հետ զրույց է ունեցել, ասել է, որ ինձ ազատ կարձակեն, բայց դրա դիմաց հեղափոխական պրոցեսը չպետք է շարունակվի։ Փոխվարչապետի պաշտոնի մասին ակնարկ և խոսակցություն ընդհանրապես  որևէ մեկի հետ չի եղել, ոչ միայն փոխվարչապետի, որևէ պաշտոնի մասին չի եղել։ Ես չգիտեմ՝ իրենք քննարկե՞լ են, թե չէ, բայց ես թույլ չէի տա, որ նման բան տեղի ունենար»։  

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի՝ վաշինգտոնյան հռչակագրի մասին արված առաջարկներին, այն է՝ ստորագրել փաստաթուղթ, որը կպարունակի այս համաձայնագրի երաշխիքային մեխանիզմներ և  առաջարկել  Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի երաշխավորներ  դարձնել  Ռուսաստանին, ԱՄՆ-ին և Չինաստանին, Փաշինյանը  հակադարձեց։

«Մենք արդեն երաշխավոր ունեցել ենք, և հենց այդ երաշխավորության համակարգն է մեզ   կանգնեցրել այն խնդիրների առաջ, որոնք այսօր ունենք։ Դա ակնհայտ է։»

Երկրորդ նախագահն իր հարցազրույցում ասել էր, որ չի հավատում խաղաղությանը, եթե չկան երաշխիքային մեխանիզմներ։

«Նրանք չեն կրակում, որովհետև ինչ էլ ուզենա Ադրբեջանը, Փաշինյանը կապահովի դա առանց կրակոց արձակելու։ Այս խաղաղությունը կախված է ամբողջությամբ մեկ մարդու կամքից. եթե նա ուզում է, որ այս խաղաղությունը գա, այն կգա, եթե ոչ, այն չի լինի։ Այդ մարդը Ադրբեջանի նախագահ Ալիևն է։ Սա խաղաղություն չէ»։

Փաշինյանն ասվածին ի պատասխան հարկ է համարում բացատրել Հայաստանի ինքնիշխանության ու լեգիտիմության մասին իրենց կոնցեպտը՝  ընդգծելով, որ գործող իշխանության ռազմավարությունը հիմնված է լեգիտիմության վրա։

«Ինչո՞ւ ենք մենք հիմա այդ սպառազինությունները կարողանում ձեռք բերել, իսկ նախկինում՝ ոչ: Կետերից կարևորագույնն այն է, որ մեր ռազմավարությունները հիմա հիմնված են լեգիտիմության վրա: Այն ժամանակ մարդիկ մեզ թափանցիկ ասում էին՝ ամենայն հարգանքով, բայց չեն կարող մեզ սպառազինություն վաճառել, որովհետև չունեն երաշխիք, որ այդ սպառազինությունը չենք օգտագործի մեր ինքնիշխան տարածքի հետ կապված կարիքներից դուրս, այսինքն՝ չենք տեղակայի տարածքներում, որոնք չեն հանդիսանում մեր միջազգայնորեն ճանաչված սահմանը»։

Վարչապետը նաև հայտնեց, որ պատրաստ է հրավիրել լրագրողներին՝ տեսնելու ձեռք բերված նոր սպառազինությունները, պայմանով՝ առանց լուսաբանման:

«Անհեթեթություն է»

Այսպես  էլ արձագանքեց Փաշինյանը հարցին, թե արդյոք Հայաստանում ստեղծվել է արտաքին հետախուզական նոր ծառայություն՝ իբրև ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի հետախուզական գաղտնի ծառայությունների աջակցությամբ: Նախօրեին նման լուր էր տարածել նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը: Վարչապետի հիշեցմամբ՝ ՀՀ–ում 2024 թվականին է  ստեղծվել  արտաքին հետախուզական ծառայություն, նախորդիվ ընդունվել է այս մասին օրենք։ Այս ծառայության հետ կապ ունի միայն ՀՀ–ը, բայց այն գործակցում է Ռուսաստանի, ԱՄՆ–ի, Մեծ Բրիտանիայի և մյուս գործընկեր երկրների նույն կառույցների հետ։

Leave a Comment