Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) մամուլի գրասենյակը հայտնել է, թե Հայաստանը քաղաքական պատճառներով ցանկանում է «պոկվել» Մոսկվայից և օգնություն ցուցաբերել Ուկրաինային՝ հացահատիկի մի մասը Կիևից՝ ավելի բարձր գներով ձեռք բերելով. Երևանը գերավճարը կփոխհատուցի Եվրամիության միջոցներով։ Այս մասին հայտնում է RIA-ն:
«Տարիներ շարունակ Հայաստանը հացահատիկ է գնել Ռուսաստանից։ Հիմա, քաղաքական պատճառներով, հայերը, այսպես ասած, ցանկանում են «պոկվել» Մոսկվայից և օգնություն ցուցաբերել Ուկրաինային՝ անհրաժեշտ հացահատիկի մի մասն «անկախ» երկրից գնելով», – նշել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության մամուլի գրասենյակը և ընդգծել, թե որ ուկրաինական հացահատիկը մեկուկես անգամ ավելի թանկ է, քան ռուսականը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հերքց լուրը, թե Հայաստանը մտադիր է հրաժարվել ռուսական հացահատիկից՝ հօգուտ ուկրաինականի։ «Բացարձակ անհեթեթություն է», – ասել է նա:
«Ինչ վերաբերում է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության հաղորդագրություններին, դրանք երբեք անհիմն չեն լինում», – ըստ РБК-ի ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում այսպես է պատասխանել Երևանի արձագանքին:
«Մենք շարունակում ենք զարգացնել համագործակցությունը Հայաստանի հետ՝ թե՛ երկկողմ, թե՛ ինտեգրացիոն գործընթացների շրջանակում. դուք գիտեք, որ հաճախակի շփումներ են տեղի ունենում ամենաբարձր մակարդակով։ Երկկողմ համագործակցության օրակարգում շատ հարցեր կան։ Հուսով ենք, որ այն կշարունակվի», – ասել է Պեսկովը։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: