Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված ու մահացած Սոնա Մնացականյանի գործով դատավճիռը դեռ չի ուղարկվել կողմերին: Այս մասին Aravot.am-ին ասաց այս գործով տուժողի ներկայացուցիչ Րաֆֆի Ասլանյանը:
Հիշեցնենք, որ դատարանը հուլիսի 30-ին Փաշինյանի շարասյանն ուղեկցող մեքենայի վարորդ Արամ Նավասարդյանին, ում ավտոմեքենայի հարվածից մահացել էր 28-ամյա հղի Սոնա Մնացականյանը, մեղավոր ճանաչեց եւ դատապարտեց 1.6 տարվա ազատազրկման:
Պարոն Ասլանյանը մեզ ասաց, որ քանի դեռ չեն ստացել դատավճիռը, չեն կարող բողոքարկել: Իսկ կողմերի բողոքարկման դեպքում դատավճիռը ուժի մեջ չի մտնելու. «Միջին ծանրության հանցագործության համար վաղեմության ժամկետը 5 տարի է, բնականաբար, պաշտպանական կողմը բողոքարկելու է, մենք էլ ենք դրանից ելնելով բողոքարկելու , հետեւաբար, դատավճիռն ուժի մեջ չի մտնելու, իսկ վաղեմության ժամկետը հաշվարկվում է մինչեւ դատավճռի ուժի մեջ մտնելը: Այսինքն՝ հենց 5 տարին լրացավ, վարորդը ազատվելու է պատժից»:
Նշենք, որ վաղեմության ժամկետը լրանալու է 2027թ.–ի ապրիլին։
«Այս ամենը, ի սկզբանե, դիտավորյալ արվել է, ձգձգվել է: Իշխանության ամենաբարձր հովանավորությամբ է արվում»,- ասաց Ասլանյանը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: