Թեհրանը ցանկանում է «խաղաղ» միջուկային համաձայնագրի հասնել ԱՄՆ-ի հետ՝ առանց վտանգելու իր ազգային անվտանգությունը․ ԱԳՆ

Իրանը ցանկանում է «խաղաղ» միջուկային համաձայնագրի հասնել Միացյալ Նահանգների հետ՝ տասնամյակներ տևած վեճը լուծելու համար, բայց սպառնալիքի տակ չի դնի իր ազգային անվտանգությունը: Այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Սաիդ Խատիբզադեն․ գրում է Reuters-ը։

Խատիբզադեն նշել է, որ Վաշինգտոնը երրորդ երկրների միջոցով միջուկային բանակցությունների վերաբերյալ հակասող ուղերձներ է հղում Թեհրանին։

«Թեհրանը չի ձգտում միջուկային ռումբերի և … պատրաստ է աշխարհին հավաստիացնել դրա մասին։ Մենք շատ հպարտ ենք մեր տեղական միջուկային ծրագրով»,- նշել է Խատիբզադեն։

Միացյալ Նահանգները, նրա եվրոպացի դաշնակիցները և Իսրայելը մեղադրում են Թեհրանին իր միջուկային ծրագիրը որպես քող օգտագործելու համար՝ զենք արտադրելու կարողությունը զարգացնելու ջանքերի համար։ Իրանը պնդում է, որ իր միջուկային ծրագիրը միայն խաղաղ նպատակներ ունի։

Հոկտեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները պատրաստ է գործարք կնքել Իրանի հետ, երբ Թեհրանը պատրաստ լինի դրան՝ հավելելով. «Բարեկամության և համագործակցության ձեռքն Իրանին պարզած է»։

Անցյալ շաբաթ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին, ում պատկանում է վերջին խոսքի իրավունքն այնպիսի պետական կարևորագույն հարցերում, ինչպիսին են արտաքին քաղաքականությունը և Իրանի միջուկային ծրագիրը, բացառել է Միացյալ Նահանգների հետ բանակցությունները սպառնալիքի տակ։

Leave a Comment