Սպորտի կառավարման կենտրոնում՝ նախկին «Միկա» մարզահամալիրի դահլիճում բռնցքամարտի Եվրոպայի 23 տարեկանների ու երիտասարդների առաջնությունն ավարտվեց:
Ռինգը վերջինը տրամադրվեց 23 տարեկան տղաների եզրափակչի մասնակիցներին, որտեղ Հայաստանն ուներ ութ մասնակից: Մեր տղաներից այս տարիքային խմբի Եվրոպայի չեմպիոն դարձան 63,5 կգ քաշային Մանվել Պետրոսյանը եւ 71 կգ քաշային Հարություն Հակոբկոխյանը:
Մանվելը դաժան մենամարտում, որի ընթացքում երկու մրցակիցներն էլ դեմքի վնասվածքներ ստացան, առավելության հասավ ռուսաստանցի Եգոր Կոզորեզովի նկատմամբ:
Չեմպիոնությունը հեշտ չտրվեց նաեւ Հարությունին: Նա նույնպես համառ ու անզիջում պայքարում պարտության մատնեց կրկին Ռուսաստանը ներկայացնող Զայպուլաեւին եւ առաջին անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Ընդ որում, Հարությունը, որ լեգենդար Իսրայել Հակոբկոխյանի որդին է, ճանաչվեց նաեւ առաջնության լավագույն բռնցքամարտիկ ու պարգեւատրվեց հատուկ գավաթով:
Հայաստանն այս տարիքային խմբում ունեցավ 2 ոսկի, 6 արծաթ եւ 5 բրոնզ:
Այսպիսով, Հայաստանի թե երիտասարդական, թե 23 տարեկան տղաների եւ աղջիկների հավաքականները թիմային հաշվարկում գրավեցին 2-րդ տեղը՝ զիջելով միայն Ռուսաստանի Դաշնության թիմերին:
Եվրոպայի առաջնությունը Երեւանում լավագույնս կազմակերպելու համար EUBC-ն հատուկ պարգեւ շնորհեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:


