Ղազախստանի հացահատիկի ազգային օպերատորը պատրաստ է հայ սպառողներին ամսական մատակարարել 15,000-20,000 տոննա հացահատիկ

Ղազախական ցորեն տեղափոխող առաջին գնացքը ժամանել է Հայաստանի Հանրապետություն: Մոտ 1000 տոննա տեղափոխող 15 վագոնից բաղկացած գնացքը հաջողությամբ փորձարկել է Ղազախստանից Ռուսաստանով, Ադրբեջանով և Վրաստանով անցնող նոր լոգիստիկ երթուղին: Այս տարանցիկ միջանցքը, ի վերջո, կարող է դառնալ ղազախական հացահատիկի և այլ բեռների մշտական մատակարարման ուղի դեպի Երևան: Այս մասին նշվում է Ղազախստանի գյուղատնտեսության նախարարությանը կից «Սննդի կորպորացիայի» տարածած հաղորդագրությունում։

Կորպորացիայի տնօրեն Տոբիլբեկ Օմարովի խոսքով՝ ղազախական հացահատիկի մատակարարումը Հայաստան «սննդային դիվանագիտության» օրինակ է։

«Այս իրադարձությունը ոչ միայն տնտեսական է, այլև՝ պատմականորեն նշանակալից, քանի որ այն բացում է խոստումնալից հնարավորություններ ուղիղ տարանցման և փոխադարձ առևտրի զարգացման համար: Ղազախական հացահատիկի արտահանման միջոցով մենք ստեղծում ենք համագործակցության նոր կամուրջներ և նպաստում ենք բարիդրացիական հարաբերությունների վերականգնմանը և տարածաշրջանի երկրների միջև վստահության ամրապնդմանը», – նշել է Օմարովը։

Նա հավելել է, որ Ղազախստանի հացահատիկի ազգային օպերատորը պատրաստ է հայ սպառողներին ամսական մատակարարել մոտավորապես 15,000-20,000 տոննա հացահատիկ: Հոկտեմբերին Ղազախստանի հացահատիկի օպերատորը ստորագրել է երկարաժամկետ համագործակցության համաձայնագիր, որը վերաբերում է հայ սպառողներին հացահատիկ մատակարարելուն: Փորձնական խմբաքանակը բաղկացած է 4-րդ դասի աղացման ցորենից, որը կարող է օգտագործվել ինչպես ընդհանուր նշանակության ալյուր, այնպես էլ կենդանիների կեր արտադրելու համար։

Հացահատիկի ղազախական օպերատորը ներկայում բանակցություններ է վարում հայ նոր գործընկերների հետ, որոնք հետաքրքրված են ղազախական ցորենի կայուն մատակարարումներով։ Հացահատիկի առաքումները դեպի Երևան կարող են ավելանալ ապագայում։

Leave a Comment