«Փաստինֆո». Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արմինե Սաֆարյանի լիազորությունները դադարեցվել են՝ սեփական դիմումի համաձայն։ Այս մասին տեղեկանում ենք ԲԴԽ կայքից։
Մասնավորապես, ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանի՝ ԲԴԽ կայքում հրապարակված հայտարարության համաձայն՝ դատավոր Արմինե Սաֆարյանի լիազորությունները դադարել են՝ հիմք ընդունելով նոյեմբերի 7-ին ներկայացված հրաժարականի դիմումը։
Նշենք, որ այսօր՝ ժամը 10։55-ին ԲԴԽ-ում նախատեսված էր դատավոր Արմինե Սաֆարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության վերաբերյալ ԲԴԽ որոշման հրապարակումը։ Մինչ այս վարույթը՝ դատավորի նկատմամբ մեկ այլ վարույթի շրջանակներում խիստ նկատողություն էր հայտարարվել՝ 2025թ․ փետրվարի 24-ին՝ իբրև գործերից մեկով 2,5 տարվա ընթացքում որևէ գործողություն չիրականացնելու համար, հետևաբար, որևէ տեսակի նոր տույժի կիրառում կհանգեցներ դատավորի լիազորությունների դադարեցմանը։ Ընդ որում, փետրվարի 24-ի որոշումից ընդամենը երեք օր անց՝ փետրվարի 27-ին, արդարադատության նախարարությունը կրկին միջնորդություն էր ներկայացրել ԲԴԽ՝ մեկ այլ վարույթի շրջանակներում պահանջելով կարգապահական պատասխանատվության ենթարկել, սակայն այս երկրորդ միջնորդությունը ԲԴԽ-ում քննվել է դատավոր Նաիրա Հովսեփյանի վերաբերյալ գործին զուգահեռ, երկու միջնորդություններն էլ մերժվել են։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ այս ընթացքում Արմինե Սաֆարյանի վերաբերյալ այլ կարգապահական վարույթներ ևս հարուցվել են, որոնցով միջնորդություն ԲԴԽ դեռ չի ներկայացվել։
Փաստացի Սաֆարյանը որոշել է չսպասել ԲԴԽ որոշմանը և հրաժարական ներկայացրել։
Իզաբել Սահակյան
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: