«Աշխարհի հայե՛ր, ձեր ժամն է».Օկամպոն՝ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման և Արցախի ժողովրդի վերադարձի մասին

Առաջիկա երեք ամիսներին կարող է պատմական հնարավորություն լինել հասնել Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակմանը և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների միջազգային ճանաչմանը, հայտարարել է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն:

«Աշխարհի հայե՛ր, ձեր ժամն է»,- գրել է նա՝ նշելով, որ Խաղաղության Նոբելյան մրցանակի հայտերի ընդունումն ավարտվում է 2026 թվականի հունվարի 31-ին: Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը հավակնում է մրցանակի, կարող է առաջադրվել 2026 թվականին, և հայերը կարող են պաշտպանել նրա թեկնածությունը:

Օկամպոն ընդգծել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոչընդոտում է մրցանակ ստանալու Թրամփի ջանքերին՝ պահելով հայ գերիներին և ոտնահարելով Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքները:

Նա հիշեցրել է, որ օգոստոսի 8-ին ԱՄՆ-ն և Հայաստանը ստորագրել են փոխըմբռնման հուշագրեր, որոնք հաստատում են Վաշինգտոնի հանձնառությունը՝ պաշտպանել Հայաստանը ադրբեջանական սպառնալիքներից: Օկամպոյի խոսքով՝ թեև գերիների հարցը փաստաթղթում չի հիշատակվել, Թրամփը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ օվալաձև աշխատասենյակում հրապարակավ հայտարարել է, որ մտադիր է ազատ արձակել «Բաքվում բանտարկված քրիստոնյաներին»: Ավելի ուշ ԱՄՆ պետդեպարտամենտը Կոնգրեսին հայտնել է, որ Թրամփի վարչակազմը պատրաստ է կողմերին կոչ անել վերադարձնել էթնիկ հայերին Լեռնային Ղարաբաղ: Օկամպոն հավելել է, որ չնայած Թրամփին Խաղաղության մրցանակի առաջադրելու պատրաստակամության մասին Ալիևի հայտարարությանը, Նոբելյան կոմիտեն չի կարողանա քննարկել նրա թեկնածությունը, քանի դեռ Բաքուն ազատ չի արձակել գերիներին և չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները: Նախկին դատախազը կոչ է արել հայերին խաղաղության և արդարության համար գլոբալ արշավ սկսել՝ Բաքվին երեք պահանջ առաջարկելով՝ ազատ արձակել բոլոր հայ գերիներին, խաղաղության համաձայնագիր ստորագրել Հայաստանի հետ և դուրս բերել զորքերը, ճանաչել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները: «Եթե Ալիևն իսկապես ցանկանում է աջակցել Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհմանը, նա պետք է կատարի այդ քայլերը», – հայտարարել է Օկամպոն՝ կոչ անելով աշխարհի հայերին միավորվել #NobelPeacePrize, #FreeArmenianHostages և #RespectNagornoKarabakhRights հեշթեգերի ներքո:

«Քննարկեք, հրապարակեք և մասնակցեք ամեն օր մինչև հունվարի վերջ։ Միասին մենք կարող ենք իրազեկությունը վերածել գործողությունների, իսկ գործողությունները՝ արդյունքների», – եզրափակել է նախկին դատախազը։ Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում պահվում է 23 հայ գերի։

Հունվարի 17-ին սկսվել էին Արցախի ռազմաքաղաքական առաջնորդների դատավարությունները: Նրանք մեղադրվում են 2548 դրվագով։ Գործով անցնում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը և Էրիկ Ղազարյանը: Վարդանյանի գործը քննվում է առանձին:

Leave a Comment