ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2025/26 թթ. խաղարկության լիգայի փուլի երրորդ տուրում Հայաստանի գործող չեմպիոն «Նոան» Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում 1։2 հաշվով զիջեց չեխական «Սիգմա Օլոմոուցին»։
Չեխական ակումբի գլխավոր մարզիչ Տոմաշ Յանոտկան հետխաղային ասուլիսի ընթացքում ամփոփեց հանդիպումը և պատասխանեց լրագրողների հարցերին․
— Ի՞նչն էիք համարում հաղթանակի գրավականը։
«Լավ պաշտպանության կազմակերպվածությունը կարևոր էր։ Մենք թույլ չտվեցինք, որ տանտերերի թիմը խաղա համակցված խաղ՝ դաշտի կենտրոնում կամ եզրերում, որտեղ նրանք չափազանց ուժեղ են։ Տղաները կարողացան ի սկզբանե ամեն ինչ ճիշտ անել։ «Նոան» երբեմն անօգնական էր թվում, բայց դրա համար մենք շատ էներգիա ծախսեցինք։ Հարձակման մեջ առաջին վայրկյանից ինքնավստահությունը կարևոր էր։ Մենք գործեցինք քաջաբար և անհրաժեշտ որակով, քանի որ այս մրցաշարը ոչինչ չի ներում»։
— Սանգարեն մեկնարկեց «Նոայի» ձախ կողմում, դա անակնկա՞լ էր ձեզ համար։
«Դա, հավանաբար, միակ անակնկալն էր։ Կարծում եմ՝ «Նոան» խաղաց այնպես, ինչպես մենք սպասում էինք նրանից։ Խնդիրը միայն մեր խաղացողների՝ խաղի վերաբերյալ մի քանի մանրամասներ հասկանալն էր։ Մեր թիմը շատ լավ աշխատանք կատարեց՝ «Նոայի» վտանգավոր խաղացողներին հեռու պահելով և նրանց ազատություն չտալով»։
— Թվում էր, թե դուք դիտավորյալ թույլ էիք տալիս ձեր մրցակիցներին խաղալ, ապա հույսը դնում հակագրոհների վրա։ Սա՞ է ձեր սովորական խաղաոճը։
«Մենք փորձում ենք կատարելագործվել և աշխատել մարզումների ընթացքում ամեն օր, իսկ հետո՝ խաղերում ավելի լավը լինել հարձակման մեջ։ Այստեղ շատ նոր խաղացողներ ունենք։ Միևնույն ժամանակ ցանկանում ենք փոփոխական լինել և չունենալ միայն մեկ խաղաոճ։ Մենք ցանկանում ենք բարձր պրեսինգ անել, ունենալ լավ արագ հակագրոհներ, բայց նաև ավելի լավը լինել խաղը կառուցելու հարցում»։
— Որքանո՞վ է կարևոր այս հաղթանակը առաջխաղացման համար պայքարում։
«Սա երկարատև մրցաշար է, և կարևոր չէ, թե երբ ես կուտակում անհրաժեշտ միավորները՝ առաջ անցնելու համար։ Բայց մենք դեռ պետք է զգույշ լինենք, քանի որ մեզ առջևում ավելի դժվար խաղեր են սպասվում։ Լինի դա «Ցելյեի» և «Պոզնանի» դեմ տանը, թե «Լինքոլնի» դեմ՝ Ջիբրալթարից, որը կազմված է օտարերկրյա խաղացողներից։ Ամենևին էլ հեշտ չի լինի։ Ահա թե ինչու ես շատ ուրախ եմ, որ այսօր մենք օգնեցինք միմյանց», — պատասխանել է Յանտոկան։
Հիշեցնենք, որ «Նոայի» դեմ տարած այս հաղթանակը առաջինն էր «Սիգմայի» համար Կոնֆերենցիաների լիգայի ընթացիկ լիգայի փուլում։