«Ալիեւի հայտարարությունը գալիս է ապացուցելու այն պարզ ճշմարտությունը, որ խաղաղության օրակարգ չկա եւ չի կարող լինել, որ գոյություն ունի բացառապես Հայաստանի ադրբեջանացման օրակարգ». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Հայելի» ակումբում անդրադառնալով  հատկապես վերջին օրերին Ալիեւի արած հակահայ հայտարարություններին՝ ասաց. «Ալիեւի հայտարարությունների մասով ինձ համար որեւէ նորություն չկա: Ալիեւի հայտարարությունը գալիս է ապացուցելու այն պարզ ճշմարտությունը, որ խաղաղության օրակարգ չկա եւ չի կարող լինել: Գոյություն ունի բացառապես Հայաստանի ադրբեջանացման օրակարգ: Եվ Նիկոլ Փաշինյանի խաղաղության օրակարգը ֆեյք է, սուտ է, կեղծիք է: Մենք դրա մասին խոսել ենք: Ամեն գնով խաղաղությունը  ստրկացում է, Ադրբեջանի պայմաններով, միակողմանի զիջումներով խաղաղությունը ստրկացում է:

Մեկ անգամ չէ, որ նշել եմ. Արցախում էլ է այսօր խաղաղ, բայց այլեւս հայ չկա, գերեզմանում էլ է խաղաղ, բայց ողջ մարդ չկա: Հետեւաբար, ասել, որ խաղաղություն է եկել, մեծ ցանկության դեպքում դա կարելի է անվանել Հայաստանի ադրբեջանացում:

Ես չեմ զարմանում Ալիեւի հայտարարություններից, որովհետեւ Ալիեւը տարիներ շարունակ նշել է, որ խաղաղության պայմանագիր ինքը կկնքի միայն այն պարագայում, երբ Հայաստանի Հանրապետությունն ունենա նոր սահմանադրություն: Այսինքն, Հայաստանի Հանրապետությունը հրաժարվի իր անձնագրից՝ Անկախության Հռչակագրից: Անկախության Հռչակագիրը մեր պետության, Երրորդ Հանրապետության անձնագիրն է, հավատամքն է, քաղաքական կրոնն է:

Երբ մարդը քրիստոնեությունից դառնում է մահմեդական կամ զրադաշտ, անունը փոխում է չէ՞: Հիմա Նիկոլ Փաշինյանը Հայաստանի անունը չի փոխում, բայց բովանդակությունը ոտքից գլուխ փոխվում է: Երբ իմ գործընկերներն ասում են Երրորդ Հանրապետություն, դասական իմաստով Երրորդ Հանրապետություն այլեւս գոյություն չունի: Դասական իմաստով: Երրորդ Հանրապետությունը Անկախության Հռչակագրի հիմքերն է, եւ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը պատերազմ է հայտարարել Անկախության հիմքերին, Անկախության Հռչակագրի հիմքերին:

Երրորդ Հանրապետությունը առանց Արցախի ինքնորոշման իրավունքի, առանց Արցախի հայկականության, առանց Արցախի հայ քաղաքացիների, նոնսենս է: Երրորդ Հանրապետությունը առանց ցեղասպանության միջազգային ճանաչման, նոնսենս է, Երրորդ Հանրապետությունը առանց ժողովրդավարության, առանց իշխանությունների տարանջատման սկզբունքի, նոնսենս է:

Ի՞նչ ժողովրդավարության մասին կարելի է խոսել, եթե  վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը sms-ով դատական իշխանության ղեկավարին է ազատում: Ու սա դեռ մի խայտառակ արարն է: Երկրորդն էլ կա: Որ միջազգային կազմակերպությունները ծպտուն չեն հանում:

Ալիեւը ինչի՞ պետք է խաղաղության պայմանագիր կնքի, եթե  առանց որեւէ խաղաղության պայմանագրի ամեն ինչ ստանում է: Հիշեք, թե նոյեմբերի 9-ից հետո ինչ է ստացել Ալիեւը: Ստացել է Լաչինի միջանցք, ամբողջ Արցախի Հանրապետություն, ստացել է 240 քկմ Հայաստանի օկուպացված տարածք, Սեւ Լճի 30 %, ստացել է Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ-ի վերահսկողություն, դելիմիտացիայի եւ դեմարկացիայի անվան տակ ստացել է Տավուշի չորս գյուղեր, ստացել է հայ գերիների իրավունքների պաշտպանությունից հրաժարում: Եվ ինքը շանտաժով Նիկոլ Փաշինյանից ամեն ինչ ստանալու է:

Այդ ամեն ինչը Ալիեւը հո պայմանագրո՞վ չի ստացել: Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Ստեփանակերտը, Ասկերանը, Մարտակերտը, Ճարտարը, հարյուրից ավել համայնքներ մնում էին հայկական վերահսկողության տակ: Լաչինը իր ամբողջ շրջանով Նիկոլը այդ պայմանագրով է տվե՞լ այդքանը: Իհարկե, ոչ: Զորքերն էլ տեղակայվելու-մնալու էին այնտեղ, որտեղ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ժամը 00:00-ի դրությամբ տեղակայված էին:

Մեր զորքերը հիմա՞ որտեղ են: Հետեւաբար, Ալիեւը ամեն ինչ ուզելու է: Ես որպես պատմաբան նշեմ եւ ոչ որպես միայն քաղաքական գործիչ, թուրք-ադրբեջանական քաղաքական ստրատեգիայի մեջ դասական իմաստով Անկախ Հայաստան գոյություն չունի:

Եվ երրորդը: Ալիեւը հենց այնպես չի ասել, որ իրենց պատմական հողերն են: Եվ սա եւս մեկ անգամ ապացույց է, որ ինքը չի ճանաչում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը: Այն, որ Նիկոլն անընդհատ գոռում է ՝ 29 743, որ ասում է՝ սա ոչ թե Արցախի հանձնում էր, այլ Հայաստանի անկախության ճանաչում էր, Հայաստանի Անկախությունը ճանաչվել է վաղուց: Հայաստանը 1992 թվականի մարտից ՄԱԿ-ի անդամ է, Հայաստանի Հանրապետությունը միջազգային բոլոր հեղինակավոր կառույցների անդամ է վաղուց՝ թե ՄԱԿ-ի, թե ԵԽԽՎ-ի, թե ԵԱՀԿ-ի, թե ԱՊՀ-ի: Ինչի՞ մասին է խոսքը:

Եվ կանգնել, մարդկանց կերակրել, որ ես ձեզ խաղաղություն եմ բերում, կկրկնում եմ, խաղաղություն չէ, դա ստրկացում է: Նիկոլ Փաշինյանը չէ՞ր, որ 2021 թվականի ընտրություններից հետո իր ամբողջ թիմով կանգնում, հայտարարում էր, որ Արցախում ապագա կա, ու ծափահարում էին պառլամենտում: Հիմա կա՞ Արցախում ապագա: Ապագա կա, բայց ադրբեջանցիների համար: Եվ այսօր Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի քաղաքական վերնախավը, քաղաքացիները պետք է դա գիտակցեն: Ինձ մոտ տպավորություն է, որ անտարբերությունը կերել է մեր հասարակության մեծ մասին»:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment