Եթե «արտակարգ դրություն» է հայտարարվել Հովհաննավանքում, ասեք, մի թաքցրեք

ՀՀ Սահմանադրության, «Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի եւ «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի պահանջներին համապատասխան Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին իրավունք ունի կատարել ժամերգություններ, ծեսեր, իսկ պետությունն իրավունք չունի միջամտել եկեղեցու ներքին կյանքին:

Կիրակիից կիրակի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գնում է Հովհաննավանք՝ պատարագի, հաղորդություն ընդունելու կարգալույծ եղած Ստեփան Ասատրյանից: Արդեն երկրորդ անգամ: Գալիք կիրակի Թալինի եկեղեցում Նիկոլ Փաշինյանի համար պատարագ անելու պատրաստակամություն է հայտնել Տեր Թադեն: Ոստիկանական տարատեսակ խմբեր, նորաստեղծ գվարդիան, անգամ քաղաքացիական հագուստներով ուժայիններ պարտադիր ներկա են գտնվում ողջամիտ դիտորդների գնահատմամբ՝ այդ ֆեյք-արարողությանը: Նրանց թվում ՔՊ կուսակցական վերնախավը…

Հայաստանի մյուս եկեղեցիներում պատարագներ են, հազարավոր հայաստանցիներ, հայեր մասնակցում են այնտեղ ժամերգությունների, պատարագների, սրբազան արարողությունների, առանց ուսադիրավորների…

Հովհաննավանքում, սակայն, ցցուն արհամարհանք կա հավատացյալների զգացումների նկատմամբ, ուղեկցվող կարգազանցությամբ, ՔՊ կուսակցականների միջամտություններով: Հիշեմ, միայն եկեղեցու ներսում, երբ կարգալույծ քահանան դիմեց Փաշինյանին դրվագը, երբ կուսակցական վերնախավը ծափերով պատասխանեց նրան: Մինչդեռ, եկեղեցի գնացածները այնտեղ էին Աստծուն փառաբանելու, նրանից թողություն հայցելու համար…

Հաջորդ միջամտությունը դրսեւորվեց հետեւյալում. քննչական կոմիտե կիրակի օրով կանչվեցին Արագածոտնի թեմի հոգեւորականները, որով Քննչական կոմիտեն ըստ էության օժանդակեց կարգալույծ Ստեփան Ասատրյանին, մարզը թողնելով առանց Սուրբ եւ Անմահ Պատարագի: Այդ հոգեւորակններն էին. Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը, Տեր Սարգիս քահանա Սարգսյանը, Տեր Փառեն քահանա Առաքելյանը, Տեր Հայկ քահանա Քոչարյանը, Տեր Սարգիս քահանա Սարգսյանը, Տեր Նարեկ քահանա Սարգսյանը, Տեր Մուշե քահանա Վահանյանը, Տեր Հովել քահանա Օհանյանը, Տեր Սեւակ քահանա Սարիբեկյանը, Տեր Համբարձում քահանա Դանիելյանը, Տեր Եղիշե քահանա Բարսեղյանը, Տեր Զորայր քահանա Կարապետյանը, Տեր Ղեւոնդ քահանա Գափոյանը, Տեր Հայկ քահանա Սահակյանը, Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը, Տեր Մկրտիչ քահանա Երանյանը, Տեր Վրթանես քահանա Բաղալյանը, Տեր Մաղաքիա քահանա Գեւորգյանը, Տեր Օշին քահանա Հայրապետյանը, Տեր Մխիթար քահանա Ահարոնյանը, Արտակ սարկավագ Սաֆարյանը, սարկավագ Ստեփանյանը:

Մի խայտառակ դրվագ էլ հիշեցնեմ. ոստիկաններին հրահանգել էին բերման ենթարկել Տեր Փառենին՝ կարծելով, թե նա մեկնում է Հովհաննավանք։ Սակայն հետո պարզվեց` Տեր Փառենը Սբ. Պատարագ մատուցելու էր մեկնում ոչ թե Հովհաննավանք, այլ Սաղմոսավանք:

Ըստ էության, իրավաբաններն արձանագրում էին, որ Արագածոտնի թեմի Հայ առաքելականների դեմ նախապատրաստվում է ՀՀ քրեական օրենսգրքի 209 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք։ Այն է՝ «…կրոնական ծեսի կատարումը խոչընդոտելը … որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով»:

Հոկտեմբերի 25-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմի հոգեւորականները հանդես եկան հայտարարությամբ, հայտնելով, որ ոստիկանության ծառայողների միջոցով հոկտեմբերի 24-ին տարբեր ժամերի (այդ թվում՝ ուշ երեկոյան, գիշեր) իրենց են փոխանցվել Քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության ավագ քննիչ Նազելի Սարգսյանի անունից տրված ծանուցագրերի պատճենները, որոնց համաձայն պետք է իրենք 2025թ. հոկտեմբերի 26-ին՝ կիրակի օրը, ժամը 09:00-ին նույն քրեական վարույթով ներկայանան քննչական մարմին՝ Երեւան քաղաքում: «Հանրահայտ փաստ է, որ յուրաքանչյուր կիրակի մատուցվում է Սուրբ եւ Անմահ Պատարագ բոլոր գործող եկեղեցիներում:

Մենք՝ յուրաքանչյուրս, 2025թ. հոկտեմբերի 26-ի առավոտյան Արագածոտնի մարզի եկեղեցիներում Սուրբ Պատարագ ենք մատուցելու եւ այդ օրը չենք կարողանալու ներկայանալ քննչական մարմին, քանի որ հակառակ դեպքում կխախտենք մեր հոգեւոր պարտականությունները եւ կթողնենք մեր հավատացյալներին առանց Սուրբ Հաղորդության… Միաժամանակ մեր անհանգստությունն ենք հայտնում Քննչական կոմիտեի վերոհիշյալ վարքագծի վերաբերյալ, որով փորձ է արվում մի ամբողջ մարզ թողնել առանց Սուրբ եւ Անմահ Պատարագի»,-ասված է հայտարարության մեջ:

Նոյեմբերի 2-ին`կիրակի Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում տոնակատարվեց Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 26-րդ տարեդարձը: Հենց այս ժամանակ էլ տեղեկացվեց, որ ձերբակալվել են 76-ամյա Վեհափառ Հայրապետի 68-ամյա եղբայրը եւ եղբորորդին`Գեւորգ Ներսիսյանը եւ որդին՝ Համբարձում Ներսիսյանը:

Զուգահեռ տարածվում են անպարկեշտ տեսանյութեր մեր հոգեւորականների մասնակցությամբ:

Արդյոք այս ամենը անարգություն չէ, աստվածանարգություն, կրոնական զգացումների վիրավորում:

Աշխարհի շատուշատ երկրներում քրեական օրենսգիրքը նախատեսում է պատասխանատվություն, Ֆրանսիայի օրենսդրությամբ, անպարկեշտության հրապարակումը կարող է որակվել հանցագործություն, այդ երկրի քրեական օրենսգրքի 283 հոդվածի համաձայն:

Կան երկրներ` Ավստրիա, Գերմանիա, Նորվեգինա, որտեղ պատժվում են կրոնին առնչվող մարդկանց ծաղրելու համար: Ավստրիայի քրեական օրենսգրքի 188 հոդվածի համաձայն, հանցագործություն է համարվում եկեղեցու, կրոնական կազմակերպությունների կողմից երկրպագվող անձանց, առարկաների, հաստատությունների վարկաբեկումը, հրապարակային վարկաբեկումն այնպիսի իրավիճակում, երբ դա կարող է արդարացի դժգոհություն առաջացնել, խախտել կրոնական խաղաղությունը: Մեծ Բրիտանիայի քրեական օրենսգիրքը նախատեսում է նման արարքի համար առնվազն մինչեւ երեք տարվա ազատազրկում:

Հայաստանն էլ իբրեւ պաշտպանում է կրոնական ծեսերի, արարողությունների ազատությունը, բայց`ինչպես, միայն մեկ եկեղեցում չհայտարարված արտակարգ դրություն ամեն անգամ մտցնելով:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.11.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment