Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը 2025 թվականի օգոստոսի 25-ի որոշմամբ մերժել է Բ.Պ.-ի պաշտպան Թ.Յ.-ի վճռաբեկ բողոքը և ուժի մեջ է թողել ստորադաս դատարանների դատական ակտերը։ Iravaban.net–ը տեղեկացավ դատական փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում։
Գործի փաստական հանգամանքները
Ըստ թիվ ՀԿԴ/0151/01/22 քրեական գործի նյութերի՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերի հարձակման արդյունքում Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում տեղակայված զորամասում ծառայություն իրականացնող շուրջ յոթ պայմանագրային և ժամկետային զինծառայողներ անհետացել են, որոնց թվում էր նաև ժամկետային զինծառայող Կ.Կ.-ն։
2022 թվականի հոկտեմբերի 3-ին վերջինիս ազգական Խ.Գ.-ի բջջային հեռախոսահամարին զանգահարել է Կ.Կ.-ի հարևան և ընկեր Ա.Հ.-ն, ով հայտնել է, որ իր ծանոթներից Բ.Պ.-ն իրեն ասել է, թե հանդիսանում է ԱԱԾ աշխատակից և օպերատիվ տվյալներով հաստատվել է, որ Կ.Կ.-ն գտնվում է գերության մեջ: Բ.Պ.-ն առաջարկել է իր անձնական կապերով՝ 5 միլիոն ՀՀ դրամի դիմաց, կազմակերպել Կ.Կ.-ի՝ ՀՀ վերադարձնելու գործընթացը։
Նույն օրը Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում հանդիպման ժամանակ Բ.Պ.-ն ներկայացել է որպես ԱԱԾ աշխատակից և հայտնել, որ Կ.Կ.-ն գերեվարվել է ադրբեջանական հատուկ ջոկատայինների կողմից: Նա վստահեցրել է, որ ԱԱԾ-ում գեներալի կոչումով բարձրաստիճան զինվորական ծանոթ ունի, ով 5 միլիոն դրամի դիմաց կարող է կազմակերպել Կ.Կ.-ի՝ փոխանակվող հայ ռազմագերիների ցանկում ընդգրկվելը և Հայաստանի Հանրապետություն տեղափոխվելը։
Բացի այդ, Բ.Պ.-ն տեղեկացրել է, որ իր մտերիմ ԱԱԾ գեներալի մոտ առկա է Կ.Կ.-ի՝ գերեվարման մեջ գտնվելու փաստը հաստատող տեսանյութ, սակայն հրաժարվել է ցույց տալ այն և հանդիպում կազմակերպել գեներալի հետ։
Հոկտեմբերի 4-ին Բ.Պ.-ն հանդիպել է Խ.Գ.-ին և տեղեկացրել, որ ղեկավարության հետ ամեն ինչ համաձայնեցրել է, հոկտեմբերի 5-ին Կ.Կ.-ի տվյալները ներառվելու են հայ ռազմագերիների ցուցակում: Նա պայմանավորվել է, որ 5 միլիոն դրամից 2.5 միլիոնը պետք է տրվի անմիջապես, իսկ մնացածը՝ մինչև 2022 թվականի դեկտեմբերի վերջը։
Հոկտեմբերի 5-ին Խ.Գ.-ն դիմել է ՀՀ ազգային անվտանգության ծառայություն և ներկայացրել ձայնագրությունները: Հոկտեմբերի 11-ին Գյումրի քաղաքի Խ.Աբովյան և Հ.Թումանյան փողոցների խաչմերուկում գտնվող Երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված պուրակում «Կաշառք տալու նմանակում» գաղտնի քննչական գործողության իրացման ընթացքում Խ.Գ.-ն Բ.Պ.-ին է փոխանցել 1.2 միլիոն ՀՀ դրամ, որից անմիջապես հետո վերջինս ձերբակալվել է։
Հետագայում պարզվել է, որ Կ.Կ.-ն զոհվել էր 2022 թվականի սեպտեմբերի 13-ի մարտական գործողությունների ժամանակ:
Հակակոռուպցիոն դատարանի վճիռը
Հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի դեկտեմբերի 10-ի դատավճռով վճռվել է․
- Բ.Պ.-ին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 44-46-436-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ։ Որպես պատիժ նշանակել ազատազրկում` 2 (երկու) տարի ժամկետով։
- Բ.Պ.-ին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 44-440-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ։ Որպես պատիժ նշանակել ազատազրկու` 3 (երեք) տարի ժամկետով։
- ՀՀ քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածի կիրառմամբ՝ հանցագործությունների համակցությամբ, նշանակված պատիժները լրիվ գումարելու միջոցով՝ վերջնական պատիժ սահմանել ազատազրկում 5 (հինգ) տարի ժամկետով:
- ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված պատժին հաշվակցել Բ.Պ.-ին փաստացի անազատության մեջ գտնվելու ժամանակահատված 2 (երկու) տարի 1 (մեկ) ամիս 29 (քսանինը) օրը, և վերջնական պատիժ սահմանել ազատազրկում 2 (երկու) տարի 10 (տասը) ամիս 1 (մեկ) օր ժամկետով:
- Պատիժը պետք է կրի ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմնարկում։
- Բ.Պ.-ի նկատմամբ կիրառված խափանման միջոցները՝ տնային կալանքն ու բացակայելու արգելքը թողնել անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։
- Դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո վերացնել Բ.Պ.-ին ՀՀ պետական սահմանի հատման արգելափակումը և անձնագրային գործողություններ կատարելու արգելքը։
- Դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո իրեղեն ապացույց ճանաչված՝ «Կաշառք տալու նմանակում» գաղտնի քննչական գործողության ընթացքում Բ.Պ.-ի ստացած 1․200․000 (մեկ միլիոն երկու հարյուր հազար) ՀՀ դրամը վերադարձնել իրավասու մարմնին՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը։
Պաշտպանության կողմի փաստարկները
Բ.Պ.-ի պաշտպան Թ.Յ.-ն Վերաքննիչ դատարանին ներկայացրած բողոքում պնդել է.
- Մինչև հոկտեմբերի 10-ը իր պաշտպանյալի և տուժողի միջև առկա խոսակցության ձայնագրությունները պետք է անթույլատրելի ճանաչվեին, քանի որ դրանք կատարվել են ԱԱԾ մարմնի հանձնարարությամբ, հետևաբար պետք է դիտվեին որպես օպերատիվ-հետախուզական միջոցառում, որի համար որոշում չէր կայացվել
- Գործով առկա է հանցագործություն կատարելու սադրանք, քանի որ ըստ տուժողի ցուցմունքի՝ երբ Բ.Պ.-ն ցանկացել է հրաժարվել հարցով զբաղվելուց, ասելով՝ «վերջ, էլ ես գործի հետ կապ չունի», տուժողը շարունակել է նրան խրախուսել և առաջարկել փոխհատուցում
- ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածով արարքը որակելու համար պետք է առկա լիներ այն պաշտոնատար անձը, որին կաշառք էր տրվելու, սակայն գործով հաստատվել է, որ այդպիսի անձ չի եղել
- Նշանակված պատիժը չափազանց խիստ է, հաշվի առնելով, որ մեղադրյալը նախկինում դատված չի եղել, մասնակցել է 4-օրյա պատերազմին և դրական է բնութագրվում
Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դիրքորոշումը
Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը, ուսումնասիրելով գործի նյութերը, մերժել է պաշտպանի բողոքը՝ գտնելով, որ Առաջին ատյանի դատարանն իրավացիորեն գնահատել է ապացույցները և կայացրել ճիշտ դատական ակտ:
Վերաքննիչ դատարանը հատկապես նշել է, որ Բ.Պ.-ի մեղավորությունը հիմնավորվում է քրեական գործով ձեռք բերված և դատաքննությամբ հետազոտված ապացույցների բավարար համակցությամբ, այդ թվում՝ Խ.Գ.-ի կողմից ներկայացված ձայնագրություններով, գաղտնի քննչական գործողությունների արդյունքներով, վկայի և տուժողի ցուցմունքներով, ինչպես նաև մեղադրյալի նախաքննական ցուցմունքներով:
Դատարանը մերժել է պաշտպանի փաստարկները ձայնագրությունները անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ՝ հիմնվելով Վճռաբեկ դատարանի նախադեպային այն դիրքորոշման վրա, որ մասնավոր անձի կողմից քրեական վարույթն իրականացնող մարմնին ներկայացված հեռախոսային խոսակցության ձայնագրառումը կարող է ճանաչվել որպես ապացույց:
Անդրադառնալով հանցագործության սադրանքի հարցին՝ Վերաքննիչ դատարանը գտել է, որ այն բացակայում է: Դատարանը նշել է, որ ապացույցների համակողմանի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հանցավոր նախաձեռնությունն ի սկզբանե եկել է Բ.Պ.-ից, ով դրդել է Խ.Գ.-ին իրեն փոխանցել կաշառքի գումարը:
Դատարանները նաև հերքել են այն փաստարկը, որ ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի կիրառման համար անհրաժեշտ է իրական պաշտոնատար անձի առկայությունը, քանի որ հանցակազմն առկա է նաև այն դեպքերում, երբ անձը միայն պատրվակում է միջնորդությունը:
Պատժի համաչափության վերաբերյալ դատարանը հիմնավոր է համարել 5 տարի ազատազրկման ձևով պատժի նշանակումը՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, մասնավորապես.
- Մեկ արարքով դիտավորությամբ երկու հանցանք կատարելը
- 2022 թվականի սեպտեմբերի 13-ին ադրբեջանական հարձակման հետևանքով առաջացած իրավիճակը՝ մարդկային կորուստների համատեքստում անձնական շահ հետապնդելը
- Անձի կողմից իրեն որպես ԱԱԾ աշխատակից ներկայացնելը, ինչը վկայում է հանցավոր մտադրության իրականացման բարձր աստիճանի մասին
Վճռաբեկ դատարանի որոշումը
Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը (նախագահությամբ՝ Ռ.Մխիթարյանի, մասնակցությամբ՝ Ե.Դանիելյանի, Ա.Կրկյաշարյանի, Ս.Չիչոյանի, Դ.Վեքիլյանի) 2025 թվականի օգոստոսի 25-ի որոշմամբ արձանագրել է, որ Վերաքննիչ դատարանի կողմից առերևույթ թույլ չի տրվել դատական սխալ, և բողոքը վարույթ ընդունելը մերժել է, -տեղեկացնում է Iravaban.net-ը: