
Հոկտեմբերի 28-ին Բրյուսելում անցկացվել է «Վերադառնալու իրավունքը միջազգային իրավունքում» խորագրով միջազգային համաժողով, որը համատեղ կազմակերպել էին «արևմտյան ադրբեջանցիների» համայնքը և ֆրանսիական «CAP Freedom of Conscience» ոչ կառավարական կազմակերպությունը։
Միջոցառմանը մասնակցել է շուրջ 120 մասնակից՝ Բելգիայից, Ֆրանսիայից, Միացյալ Թագավորությունից, Շվեյցարիայից, Իտալիայից և Ադրբեջանից։
Համաժողովը նվիրված էր «արևմտյան ադրբեջանցիների» պատմական հողեր վերադառնալու իրավունքին, ինչպես նաև քննարկվել են միջազգային իրավունքի, սեփականության և մշակութային ժառանգության պաշտպանության հետ կապված հարցեր։
«Արևմտյան ադրբեջանցիների» համայնքի նախագահ Ազիզ Ալաքբարլին ներկայացրել է կազմակերպության գործունեությունն ու նպատակները՝ ընդգծելով, որ անցած դարի ընթացքում արևմտյան ադրբեջանցիները հետևողականորեն տեղահանվել են իրենց պատմական հողերից։
Նա նշել է, որ Հայաստանի վարած քաղաքականության հետևանքով պատճառված նյութական վնասը գնահատվում է միլիարդավոր դոլարներով, իսկ դարավոր մշակութային ժառանգության կորուստը անչափելի է։
Ալաքբարլին նաև ընդգծել է, որ չնայած բազմաթիվ կոչերին՝ Հայաստանը հրաժարվել է երկխոսությունից համայնքի հետ։ Նա նշել է, որ համայնքը աջակցում է տարածաշրջանային խաղաղությանը և համակեցությանը, համահունչ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քաղաքական գծին։
Համաժողովի ընթացքում բացվել է նաև լուսանկարների ցուցահանդես, որը ներկայացրել է «արևմտյան ադրբեջանի» պատմական հողերում ոչնչացված մշակութային ժառանգության օրինակներ։ Մասնակիցներին բաժանվել են նաև տեղեկատվական նյութեր՝ պատրաստված համայնքի կողմից։
Միջոցառումն ավարտվել է բաց քննարկմամբ, որի ընթացքում մասնակիցները փոխանակել են կարծիքներ և պատասխանել թեմային առնչվող հարցերին։