Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության պայմանագրի ստորագրմանը հայ պաշտոնյաները վերջին ամիսներին շատ չեն անդրադառնում, Ադրբեջանից են պարբերաբար հիշեցնում՝ այն ստորագրելու համար Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը: Հայաստանում ծրագրում են ընդունել նոր Սահմանադրություն, բայց պնդում են, թե դա ներքին որոշում է և կապ չունի Բաքվի պահանջի հետ: Արայիկ Հարությունյանից այսօր հետաքրքրվեցինք՝ խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցը կողմերն այժմ քննարկո՞ւմ են, հնարավո՞ր է՝ առաջիկայում հասնել դրան, Հարությունյանը պատասխանեց. «Երկկողմ շփումներում այդ հարցն անընդհատ կա և պետք է փորձենք նաև ընդհանուր եզրեր գտնել, որպեսզի օր առաջ այդ փաստաթուղթը ստորագրվի»:
Արդյոք Երևանի և Բաքվի շփումների արդյունքում կհաջողվի առանց Հայաստանի Սահմանադրության փոփոխության հասնել խաղաղության համաձայնագրի ստորագրմանը: Հայ պաշտոնյաները միայն նշում են, թե Մայր օրենքի վերաբերյալ Ադրբեջանի մեկնաբանությունները հիմնավոր չեն: Բաքվից պնդում են՝ Սահմանադրությունը, որում հղում կա Անկախության հռչակագրին, տարածքային պահանջներ է պարունակում իր նկատմամբ: Վարչապետը ևս կարծում է՝ նոր Սահմանադրության մեջ անկախության հռչակագրին հղում չպետք է լինի: Նիկոլ Փաշինյանի մեկնաբանմամբ՝ դրա բովանդակությունն այն մասին է, որ Հայաստան չի կարող գոյություն ունենալ: Այս կարծիքին է նաև Արայիկ Հարությունյանը. «Ես կարծում եմ, որ Անկախության հռչակագրում կան որոշակի խնդիրներ»։
Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է՝ խորհրդարանական ընտրություններից հետո «Քաղաքացիական պայմանագիրը» կլծվի նոր Սահմանադրության ընդունման գործին: Թե երբ կլինի հանրաքվեն, վարչապետի աշխատակազմի ղեկավարն ասաց՝ ժամկետների շուրջ քննարկում չկա: Պաշտոնյան այսօր դարձյալ պնդեց՝ իրենք պատրաստվում են ոչ թե արտահերթ, այլ հերթական ընտրությունների. «Գործընկերներ ունենք, որոնք նաև արտահերթի մասին են խոսում, և դա պետք է գնահատվի, մենք գնահատել ենք, որ դրա կարիքը չկա, և, ուրեմն, գնում ենք հերթական ընտրությունների, խնդրում եմ ավելորդ ինտրիգներ չփնտրել, շտաբի ձևավորումը կապված է այն բանի հետ, որ առաջին անգամ իշխանությունը ուզում է առանց տարբեր հարցերում՝ ցայտնոտների, շտապողականության, ճիշտ կազմակերպի իր աշխատանքը», – ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավարը: