Պաշտոնական․ Ռուի Մոտան հեռացվեց Լուդոգորեցի գլխավոր մարզչի պաշտոնից — Armsport.am

Երևանի «Նոայի» նախկին գլխավոր մարզիչ Ռուի Մոտան հեռացվել է բուլղարական «Լուդոգորեցի» գլխավոր մարզչի պաշտոնից։ Ակումբը հաստատել է, որ պորտուգալացի մասնագետի և նրա աշխատակազմի հետ բանակցություններ են ընթանում պայմանագրի վաղաժամկետ խզման վերաբերյալ։

Ակումբի ղեկավարությունը հայտարարել է, որ պորտուգալացի մասնագետի պաշտոնանկության պատճառը պայմանավորված է եղել անբավարար արդյունքներով և թիմի վերջին ամիսներին ցուցադրած խաղամակարդակով, որը չէր համապատասխանում «Լուդոգորեցի» վերջին տարիների բարձր չափանիշներին։

Ռուի Մոտան «Լուդոգորեցը» գլխավորեց 2025 թվականի ամռանը՝ «Նոայից» հեռանալուց կարճ ժամանակ անց, որի հետ նա նվաճել էր Հայաստանի Պրեմիեր լիգայի տիտղոսը։ Նրա գլխավորությամբ բուլղարական թիմը հասավ Եվրոպա լիգայի խաղարկության լիգայի փուլ, որտեղ երեք տուրից հետո ուներ 3 միավոր՝ մեկ հաղթանակ «Մալմյոյի» նկատմամբ և պարտություններ «Բետիսից» ու «Յանգ Բոյսից»։

Բուլղարիայի առաջնությունում «Լուդոգորեցին» 12 տուրերից հետո զբաղեցնում է 4-րդ տեղը՝ 6 հաղթանակով և 5 ոչ-ոքիով, ինչը ակումբի ղեկավարությունը համարում է անբավարար։

Leave a Comment