Արցախի Հանրապետության անունից խոր մտահոգություն եմ հայտնում Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումների, մասնավորապես, իշխանական հռետորաբանության և գործողությունների միջոցով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հեղինակության թուլացման փորձերի կապակցությամբ։
Միաժամանակ մտահոգություն են առաջացնում ազատությունների սահմանափակման և քաղաքական բնույթի հետապնդումների վերաբերյալ հնչող հրապարակային գնահատականները։ Այս համատեքստում առանձնապես անհանգստացնող է Մասիս համայնքի ղեկավար, ժողովրդի կողմից ընտրված քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի երեկվա կալանավորումը, ինչպես նաև այն քաղաքացիների նկատմամբ իրականացվող քրեական վարույթները, որոնք հանրային շրջանակներում դիտարկվում են որպես քաղաքական ենթատեքստ ունեցող։
Կոչ եմ անում Հայաստանի Հանրապետության իշխանություններին զերծ մնալ այնպիսի գործողություններից և հռետորաբանությունից, որոնք խաթարում են հասարակության վստահության վերականգնումը և միտված չեն ազատությունների լիարժեք երաշխավորման և ազգային համախմբմանը։
Աշոտ Դանիելյան, ԱՀ ԱԺ նախագահ