
Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ հոկտմբերի 29-ին, դատավոր Խաչիկ Ղազարյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի, Բարսեղ Բեգլարյանի և Գևորգ Հարությունյանի գործով դատական նիստը։
Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը միջնորդություն ներկայացրեց դատարանին, որով առաջարկեց այս գործը և Հակակոռուպցիոն դատարանում Սերժ Սարգսյանի մյուս քրեական գործը, որը քննում է դատավոր Գիվի Հովհաննիսյանը, միացվի մեկ վարույթում։
«Պաշտպանական կողմը գտնում է, որ առկա են երկու քրեական գործերը մեկ վարույթում միացնելու հիմքեր։ Մեկ վարույթում կարող են միացվել նույն անձի կողմից մեկից ավելի ենթադրյալ հանցանքներ կատարելու վերաբերյալ վարույթները։ Նույն դատարանում մեկից ավելի դատավորների մոտ գտնվող վարույթները միացվում են տվյալ դատարանի նախագահի որոշմամբ՝ դատավորներից մեկի դիմումի հիման վրա։ Վարույթները միացնելու դեպքում մեղադրանքը քննում է այն դատավորը, որը քրեական գործն ավելի վաղ է ընդունել վարույթ։ Վարույթների միացումը չի կարող բացասաբար անդրադառնալ վարույթի արդարացիության վրա, հակառակը՝ դատարանը նվազագույն դատական ծախսերի կատարումով կարոք է քննել այս գործերի վերջնական ընթացքը։ Ուստի, միջնորդում եմ՝ Ձեր վարույթում քննվող դատական գործը միացնել Գիվի Հովհաննիսյանի վարույթում քննվող գործին»,-դատարանում ասաց Ամրամ Մակինյանը։
Քննարկման արդյունքում դատարանը բավարարեց Ամրամ Մակինյանի միջնորդությունը։ Սերժ Սարգսյանի երկու քրեական գործերը միացվեցին մեկ վարույթում, գործը կքննի դատավոր Գիվի Հովհաննիսյանը։