Հռիփսիմե Խուրշուդյանը` ծանրամարտի միջազգային կարգի մրցավար

2007թ. Եվրոպայի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանը դարձել է ծանրամարտի միջազգային կարգի մրցավար, հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։

38-ամյա Խուրշուդյանին միջազգային կարգի մրցավարի կոչումը շնորհել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան, իսկ վկայականը հանձնել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։ Այսպիսով՝ Հռիփսիմե Խուրշուդյանը կմասնակցի աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների մրցավարական աշխատանքներին։

«Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան հետևողական աշխատանքներով շարունակում է խորացնել համագործակցությունը միջազգային կառույցների հետ։ Ի սրտե շնորհավորում եմ Հռիփսիմե Խուրշուդյանին միջազգային կարգի մրցավարի կոչում ստանալու կապակցությամբ։ Մեր համատեղ ջանքերով հայկական ծանրամարտը շարունակելու է արժանապատիվ ներկայացված լինել միջազգային ասպարեզում»,- ասել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Leave a Comment