Երբ ոստիկանները համոզվեցին, որ Տեր Փառենը գնում է Սաղմոսավանք, ոչ թե՝ Հովհաննավանք, բաց թողեցին (տեսանյութ)

Փաստաբան Արա Զոհրաբյանը գրում է․ «Տեր Փառեն քահանա Առաքելյանին բերման ենթարկելու փորձը ձախողվեց

2025թ հոկտեմբերի 26-ին ոստիկանները փորձում էին Տեր Փառեն քահանա Առաքելյանին բերման ենթարկել, երբ քահանան առավոտյան վաղ գնում էր Սաղմոսավանք Սուրբ և Անմահ Պատարագ մատուցելու: Առաջին անգամ, փորձ կատարեցին բերման ենթարկել Աշտարակ քաղաքում, Թեմի առաջնորդարանի շենքի դիմաց, սակայն երբ տեսան որ ուղեկցող մարդիկ կային, հեռացան:

Երկրորդ անգամ, դեպի Սաղմոսավանք ճանապարհին, երբ փորձում էին ճանապարհին մեքենայից քահանային հարկադրաբար բերման ենթարկել, Տեր Փառենը զանգահարել է ինձ և բարձրախոսի վրա միացված խոսել ենք: 

Ձայնագրության մեջ իմ, Տեր Փառենի և ոստիկանների խոսակցությունն է: 

Տեր Փառենը ոստիկանին ասում էր՝ «ես գնում եմ Քրիստոսի մարմինն ու արյունը բաշխեմ իմ հավատացյալ ժողովրդին ցավդ տանեմ»:

Ոստիկանների անզիջում կեցվածքը՝ «100 տոկոս գնալու ենք», «էդ անվիճելի է» պնդումները վերացան Տեր Փառենի համառության շնորհիվ և երբ ոստիկանները համոզվեցին, որ Տեր Փառենը գնում է Սաղմոսավանք, այլ ոչ թե՝ Հովհաննավանք: 

Շատ ամոթալի օրեր ենք ապրում:

Առիթից օգտվելով ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Արագածոտնի մեր բոլոր քահանաներին այս դժվար պայմաններում իրենց առաքելությանը հավատարիմ մնալու համար»:

Մանրամասները՝ տեսանյութում

Leave a Comment