1999-ի այս օրը Նաիրի Հունանյանի հանցախումբը, ներխուժելով Ազգային ժողով, սպանեց խորհրդարանի խոսնակ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, պատգամավորներ Արմենակ Արմենակյանին, Միքայել Քոթանյանին, Հենրիկ Աբրահամյանին և նախարար Լեոնարդ Պետրոսյանին․ ութ անձ վիրավորվեց։
Ոճրագործությունից 26 տարի անց հանրությունը կատարվածի մասին գիտի գրեթե այնքան, որքան գիտեր 1999 թ․ հոկտեմբերի 28-ին։ Քաղաքական գործիչները խոսում են նաև գործի չբացահայտվելու իրական հետևանքների մասին՝ մեջբերելով Հրանտ Մաթևոսյանի խոսքը, որ հոկտեմբերի 27–ը պետք է բացահայտվեր արդեն հոկտեմբերի 28–ին։
Հոկտեմբերի 27–ին ոճրագործության զոհերի հարազատները, գործող իշխանության ներկայացուցիչները և ընդդիմությունը միակարծիք են մի հարցի՝ հոկտեմբերի 27-ի գործն ամբողջությամբ բացահայտված չէ։ Ընդ որում՝ համարում են, որ բացահայտման հավանականությունը օրեցօր նվազում է։
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար, 1999–ին վարչապետի՝ անվտանգության գծով խորհրդական Անդրանիկ Քոչարյանն իրատեսական է համարում մինչև այս տարվա ավարտը «Հոկտեմբերի 27»–ից առանձնացված մասով վերաբացված գործով նոր բացահայտումները։
99–ի հոկտեմբերի 27–ին զոհված ԱԺ փոխնախագահ Յուրի Բաշխյանի այրին՝ Անահիտ Բախշյանը հեղափոխությունից հետո ներկայացրել էր բողոք ընդդեմ դատարանի որոշման, որով, ըստ հայցի, կարճվել են, մեջբերում, «ահաբեկչության կազմակերպիչների, հովանավորների մասով գործը»․ մեջբերման ավարտ։ 2019–ին Բախշյանը հավատում էր, որ պատասխաններն արագ կստացվեն։ Ոճրագործությունից 26, իսկ գործի վերաբացումից 6 տարի անց նա շեշտում է, որ բացահայտումների հնարավորությունը օրեցօր նվազում է։ Իսկ քննչական մարմինների հետ իր վերջին շփումը եղել է այս տարվա ապրիլին։
«6 տարի է` գործն առաջ չի գնում։ Քաղաքական կամքը չգիտեմ ուր է կորել, և գլխավոր դատախազից, քննչականից սկսած՝ չեմ հասկանում` ի՞նչ է կատարվում։ Որպես դիմումատուի ինձ պարտավոր էին, չէ՞, ասել` ինչ են արել։ Երբ Սերժ Սարգսյանի նկատմամբ փորձ արվեց` բռնվեցին, Նիկոլ Փաշինյանի նկատմամբ փորձ արվեց` բռնվեցին։ Այսինքն՝ եթե ուզում են, կանխում են, չեն թողնում, որ ահաբեկչություն լինի։ Եթե չեն ուզում, լինում է հոկտեմբերի 27։ 2003–ին, երբ անջատված մասը փակվեց, Ջհանգիրյանը դրան դեմ էր, ասում էր, որ այն մարդիկ, որոնք ասում են կազմակերպիչ չկա, պատվիրատու չկա, չարաչար սխալվում են՝ կան։ Բայց, լինելով գլխավոր դատախազ, ոչինչ չկարողացավ անել։ Աղվան Հովսեփյանն էլ փակեց, վերջացրեց»։
Հոկտեմբերի 27–ի ոճրագործության չբացահայտված դրվագների կողքին կան հանգամանքներ, որոնք այս կամ այն կերպ իրավիճակին առնչվողները խիստ կասկածելի են համարում։ Այսպես օրինակ՝ ոճրագործության զոհերից վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբայր, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը լավ է հիշում այն պահը, երբ գործի քննությունը գլխիվայր՝ 180 աստիճանով փոխվեց։ Ասում է, որ իր համար հոկտեմբերի 27–ի գործով կասկածելի և անբացատրելի վեցից ավելի հանգամանք կա։
«Ժամանակին Ռոբերտ Քոչարյանն ինձ ասում էր` դատախազն էլ ձերն է, քննիչն էլ, բացահայտեիք։ Բայց եթե նայեք դատական գործընթացին մինչև մայիսի 2–ը՝ ինձ ազատելը, ոճրագործները լրիվ այլ ցուցմունքներ էին տալիս, և, եթե հիշում եք, Ալեքսան Հարությունյանը կալանավորված էր, և խնդիրներ կային։ Ինքն այդ ժամանակ նախագահի աշխատակազմի ղեկավարն էր, նաև իր միջոցով էին որոշակի կապեր եղել, նաև ինքն էր, ըստ ոճրագործի ցուցմունքների, հուսադրել նրան։ Մայիսի 2-ից հետո, երբ ինձ ազատել են, այդ ցուցմունքները ամբողջությամբ 180 աստիճան փոխվել են և ոճրագործները ցուցմունքներ են տվել, որ իրենցից կորզել են ճնշումների և ծեծի արդյունքում։ Այդ ժամանակ էլ էլի իշխանության Ռոբերտ Քոչարյանն էր արդեն իր ուզածով, իր ձևով։ Ու, չգիտես ինչու, թե՛ դատախազությունը, թե՛ պարոն Ուզունյանը մայիսի 2–ից իմ ազատելուց հետո ցուցմունքներն է համարել արժանահավատ, ոչ թե մինչև մայիսի 2–ը եղած ցուցմունքները»։
Արամ Սարգսյանը պնդում է, որ արտաքին քաղաքական հետքի վարկածը, որն առնչվում էր հանրության շրջանում որպես «Մեղրու տարբերակ» հայտնի քննարկումներին, քննության ժամանակ ընդհանրապես չի ստուգվել։
Արտաքին քաղաքական մեկ այլ հետքի մասին է խոսում Հանրապետական կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Գագիկ Մինասյանը։
«Այն ընթացքը, որը մենք ունեինք այդ տարիներին, և այն թափը, որ մենք հավաքել էինք, մեզ տանելու էր կտրուկ առաջանցիկ զարգացման տարածաշրջանում, և ակնհայտ է, որ այդ առաջանցիկ զարգացումն իսկապես խանդ էր առաջացնում հատկապես Թուրքիայի և Ադրբեջանի կողմից։ Ես կարծում եմ, որ հենց հիմնական շահառուները այդ երկու երկրներն էին։ Իմ կարծիքով՝ այս չարագործները ուղղակի կոնտակտ իրենց տերերի հետ չեն ունեցել, և իրենք նույնիսկ չեն էլ հասկացել, թե ովքեր են իրենց իսկական տերերը, ինչ նպատակներ ունեին իրենց իսկական տերերը և այդ պատճառով, ցավոք սրտի, այսօր մենք մատնացույց անել իսկական շահառուներին, կարծում եմ` չենք կարող»։
Հոկտեմբերի 27–ի ոճրագործության կազմակերպիչներին և հովանավորներին բացահայտելու հարցում մինչդեռ ամեն ինչ կորած չի համարում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Ընդ որում՝ բացահայտումները հավանական է համարում մինչև տարեվերջ, թեև շատ վկաներ ու գործին առնչվողներ լքել են Հայաստանը, մի մասն էլ՝ կասկածելի պայմաններում հեռացել կյանքից։
«Կարծում եմ, որ դեռ հնարավորություն կա հասնել լիարժեք բացահայտման, և ես լիահույս եմ, որ այս տարի թեկուզ փոքր, բայց կտեսնենք բացահայտման գոնե հնարավորություն, որը հնարավորություն կտա շարժվել առաջ։ Կան մարդիկ, որոնք Հայաստանում չեն, փախած են, բայց նրանք մահացած չեն, և նրանք գոյություն ունեն։ Ալիկ Հարությունյան․ որտե՞ղ Ալիկ Հարությունյանը՝ ամենակարևոր վկաներից մեկը։ Էլի կան վկաներ, որոնք 99 թվականի քննչական խմբի կողմից ձեռք բերված ցուցմունքների հիման վրա տալիս էին հստակ պատկերացում, թե ոնց աղավաղվեց դա։ Այ դա ուրիշ խնդիր է, և դատաքննության փուլն էլ, ըստ էության, գնաց աղավաղման ճանապարհով։ Նաև փախուստի մեջ է գտնվում այն դատավորը, որը այդ հնարավորությունը տվեց հիմնական վկաներին չլսելու։ Դա պարոն Ուզունյանն է, որը լքել է Հայաստանը և նրան օր առաջ պետք է տեսնել քննչական մարմինների հարցերին պատասխանելու միջավայրում, որպեսզի կարողանանք հասկանանք` ով հրահանգավորեց, որ կարևոր վկաները դուրս մնան դատաքննական փուլից կամ ընդհանրապես չլսվեն»:
Նախկին գլխավոր դատախազ Գագիկ Ջհանգիրյանը, որը, ըստ Անահիտ Բախշյանի, դեմ էր «Հոկտեմբերի 27»–ի գործից առանձացված մասի կարճմանը և վստահ էր, որ ոճրագործությունը պատվիրատուներ ունի, այսօր շատ բան բաց տեքստով չի ասում։ Նա միայն ակնարկում է, որ բացահայտման բոլոր հնարավորությունները թաքնված են հենց քրեական գործի նյութերի մեջ։
«Որևէ տող, որևէ էջ, որևէ տեղեկատվություն այդ նյութերից չի բացակայում։ Մնում է կարողանան ծանոթանալ, հասկանալ և եզրակացություններ անել։ Հուսանք` նախաքննությունը ընթանում է, պայմանները նպաստավոր են բացահայտման համար, և արդյունքներ կունենանք»։
26 տարի առաջ տեղի ունեցած ոճրագործության ամբողջական բացահայտումն առհասարակ մեծապես կարևորում են բոլոր գործիչները՝ նշելով, որ դրանով նախ կփակվի «Հոկտեմբերի 27»–ի էջը, ապա կկանխվեն նմանատիպ ոճրագործությունների հնարավորությունները։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շատ գործիչներ քանիցս հայտարարել են Հայաստանում նոր, այսպես ասած, հոկտեմբերի 27-ների կազմակերպման վտանգների և հավանականության մասին։ Դրանց անդրադարձել են և՛ ԱԺ նախագահը, և՛ պատգամավորները։
Երկրապահ կամավորական միության նախագահ Սասուն Միքայելյանը հիշեցնում է՝ նման փորձեր արդեն եղել են։
«Հոկտեմբերի 27 տեղի ունեցավ, բայց վարչապետին չխփեցին։ Դուք գիտե՞ք՝ ինչ արեցին, երբ այդ հայրենասերները մտան Ազգային ժողով, «ջարդեցին» կառավարությունը։ Այն, որ ջարդում էին, դա Նիկոլ Փաշինյանի հոր սեփականությունը չէր, դա մեր պետական ինստիտուտներն էին։ Այնտեղ հայի արյուն էր թափվում, իրենք այնտեղ հայրենասիրություն էին խաղում, ոնց որ՝ երրորդ ճակատ բացում թուրքերի համար, հասկանո՞ւմ եք։ Նման բաներից պետք է խուսափենք»։
Տարբեր վարկածներ առաջ քաշողներն ու քննարկողները, արտաքին հետքեր և ուղղություններ տեսնողները և առհասարակ անպատասխան մնացած հարցերին քննչական մարմինների վերջնական պատասխաններ սպասողները միակարծիք են միայն մի հարցի՝ 26 տարի առաջ «հոկտեմբերի 27»–ով ուզում էին գլխատել Հայաստան պետությունը։
Ահաբեկիչների դատավճիռը հրապարակվեց 2003-ի դեկտեմբերի 2-ի դատական վերջին նիստում։ Դատավոր Սամվել Ուզունյանը ոճրագործությունը կատարած 7 ահաբեկիչների հանդեպ կայացրեց վճիռ, ըստ այդմ՝ 6 հոգի դատապարտվեց ցմահ, իսկ մեկը՝ 14 տարվա ազատազրկման։ Բուն գործողությունը կատարողները 5-ն էին։
Այսօր «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում իրենց ցմահ պատիժն են շարունակում կրել ահաբեկչության գլխավոր կազմակերպիչ Նաիրի Հունանյանը և նրա եղբայր Կարեն Հունանյանը։ Նրանց վիճակի մասին մամուլին գրեթե ոչինչ հայտնի չէ։ Փաստ է, որ ահաբեկիչներից ողջ են 3-ը, մնացածը մահացել են բանտախցում՝ տարբեր հանգամանքներում։