Հոկտեմբերի 27-ի կատարողների թիկունքում Թուրքիայի ու Ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչներն են եղել. Մինասյան

ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Գագիկ Մինասյանն այսօր ուշագրավ տեղեկություններ է հայտնել հոկտեմբերի 27-ի գործով: Ըստ նրա՝ ահաբեկչությունն իրականացրած չարագործների թիկունքում եղել են Թուրքիայի եւ Ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչները:

«Այն ընթացքը, որ ունեինք այդ տարիներին, այն թափը, որ հավաքել էինք, տանելու էր մեզ կտրուկ առաջանցիկ զարգացում տարածաշրջանում: Իսկ այդ զարգացումը մեծ խանդ էր առաջացնում հատկապես Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից: Ես կարծում եմ՝ հիմնական շահառուները այդ երկու երկրներն էին:

Այն խնդիրները, որոնք կային հետխորհրդային ցանկացած երկրում, այդ թվում նաեւ Հայաստանում՝ նոր անկախության ձեռքբերումից հետո անխուսափելիորեն առաջացող խնդիրները, այդ խնդիրների լուծման համար ունեինք չափազանց լավ նախադրյալներ: Եթե դրանք կարողանայինք իրացնել, մեր հակառակորդների մոտ խնդիրները ավելի կխորանար: Իմ անձնական կարծիքն է, որ այդ մարդիկ՝ այդ չարագործները, եղել են գործիքներ, իսկ իրենց թիկունքում կանգնած են եղել հենց այդ երկու երկրների հատուկ ծառայություների ներկայացուցիչներ»,- Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Գագիկ Մինասյանը:

Թե ինչու հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը բացահայտել չի ստացվում, պարոն Մինասյանն առաջ քաշեց մի վարկած, որը ահաբեկչության կատարման առաջին իսկ օրից շրջանառվել է. «Չարագործներն ուղղակի կոնտակտ իրենց տերերի հետ չեն ունեցել: Այդ ամեն ինչը իրենց վրա ազդեցության, ներգործության տարբեր ձեւերով տեղի է ունեցել, իրենք նույնիսկ չեն էլ հասկացել, թե ովքեր են իրենց իսկական տերերը ու ինչ իրական նպատակներ են ունեցել: Այդ պատճառով այսօր մենք չենք կարող մատնացույց անել իսկական տերերին ու շահառուներին»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment