14 մլն դրամի փողերի լվացում՝ թմրամիջոցների իրացումից ստացված գումարի հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ Հ․Ն․-ն 2024-2025 թվականների ընթացքում իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ, ապահովել դրանց առանձնացումն ըստ քաշերի, փաթեթավորումն ու նախապես տեղադրումը թաքստոցներում, ինչը լուսանկարահանվել և հանցակիցների կողմից կառավարվող «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածում գրանցված առցանց խանութ-հարթակի միջոցով փոխանցվել է թմրամիջոց ձեռք բերելու ցանկություն հայտնած և կրիպտոարժութային դրամապանակներին համապատասխան չափով միջոցներ փոխանցած անձանց:

Առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 6.5 կգ քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցը հայտնաբերվել և առգրավվել է Հ․Ն․-ի փաստացի բնակության վայրում կատարված խուզարկությամբ:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ Հ․Ն․-ն թմրամիջոցների իրացումից ստացված առանձնապես խոշոր չափերով ֆինանսական միջոցների հանցավոր ծագումը և իրական բնույթը թաքցնելու նպատակով օգտագործել է բանկային հաշիվներ և էլեկտրոնային դրամապանակ, որոնց մուտքագրված 14 մլն 272 հզր 985 ՀՀ դրամի ֆինանսական միջոցները տնօրինվել են նրա կողմից՝ այդ կերպ կատարելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում:

Հ․Ն․–ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը):

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Հ.Ն.-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment