Պապոյանը սխալվում է. առաջին անգամ չէ, որ Հայաստանը Գլոբալ ինովացիոն ինդեքսում գտնվում է առաջին 60-ում

CivilNet. Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կառավարության հոկտեմբերի 23-ի նիստին հայտարարել է, թե Հայաստանը Գլոբալ ինովացիոն ինդեքսում առաջին անգամ զբաղեցրել է 60-ից ցածր հորիզոնական։

#CivilNetCheck-ն ուսումնասիրել և պարզել է, որ հակառակ Գևորգ Պապոյանի պնդմանը՝ առաջին անգամ չէ, որ Հայաստանը այս ինդեքսում գտնվում է առաջին 60-ում։

Այսպես, Հայաստանը 2025-ին Գլոբալ ինովացիոն ինդեքսում զբաղեցնում է 59-րդ հորիզոնականը՝ 139 երկրների շարքում։

Ինդեքսի տարբեր տարիների զեկուցները ցույց են տալիս, որ Հայաստանը 2007-ից ի վեր մի քանի անգամ գտնվել է առաջին 60 հորիզոնականներում։ Առաջին անգամ դա տեղի է ունեցել 2013թ-ին, երբ Հայաստանը զբաղեցրել է 59-րդ տեղը 142 երկրների շարքում։ Դիրքերը երեք տարի զիջելուց հետո 2016թ. Հայաստանը եղել է 60-րդ հորիզոնականում 128 երկրների մեջ։ 2017թ․ բարելավել է մեկ կետով՝ կրկին զբաղեցնելով 59-րդ տեղը 127 երկրների մեջ։ Այնուհետև, 2018-ից մինչև 2024 թվականները, Հայաստանի ցուցանիշը որոշ անկում է գրանցել՝ դուրս մնալով առաջին 60 հորիզոնականներից։

Այպիսով, Գևորգ Պապոյանի պնդումը, թե Հայաստանն առաջին անգամ է հայտնվել Գլոբալ ինովացիոն ինդեքսի առաջին 60-ում, չի համապատասխանում հրապարակված պաշտոնական տվյալներին։

Մարիա Խաչատրյան

Leave a Comment