Վաշինգտոնյան համաձայնագիրը լավ հնարավորություններ է բացում բոլորի համար․ համաժողով՝ ԱՄՆ-ում

Օգոստոսին Վաշինգտոնում ստորագրված համաձայնագիրն աննախադեպ առաջընթաց է, պատմական նշանակություն ունի և բացում է զգալի հնարավորություններ բոլորի համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Խազար Իբրահիմը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնում կայացած «Միացյալ Նահանգները Հարավային Կովկասում. նոր ռազմավարական հնարավորությունների բացահայտում» խորագրով համաժողովում։

Դիվանագետը նշել է, որ Ադրբեջանը լիովին կօգտագործի և կխթանի այս ներուժը։

«Ադրբեջանի նախագահը հանել է երկրի տարածքով Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները։ Կարծում եմ, որ Հայաստանի վարչապետ Փաշինյանը նույնպես բարձր է գնահատել դա, և հավանական է, որ այս ուղղությամբ կձեռնարկվեն որոշակի համատեղ գործողություններ», – նշել է դեսպանը։

Ելույթ ունենալով համաժողովում՝ Հադսոնի ինստիտուտի Մերձավոր Արևելքի խաղաղության և անվտանգության կենտրոնի տնօրեն Մայք Դորանը հայտարարել է, որ օգոստոսի 8-ին Սպիտակ տանը կայացած հանդիպումը ցույց է տվել ոչ միայն երկար ժամանակ հակամարտություններով տառապող տարածաշրջանում երկարատև խաղաղության հասնելու հնարավորությունը, այլև՝ նոր հնարավորությունների ի հայտ գալը Միացյալ Նահանգների համար։

Նրա խոսքով՝ սա հեռանկարներ է ստեղծում Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի միջև հարաբերությունները վերաձևակերպելու համար։

Համաժողովի մասնակիցները քննարկել են նաև խաղաղության համաձայնագրի ազդեցությունը տարածաշրջանի վրա՝ որպես ամբողջություն, Կենտրոնական Ասիայի երկրների ստացած օգուտները, տարածաշրջանի երկրների դերն ընթացիկ գործընթացներում, թյուրքական աշխարհի աճող ազդեցությունը, տարածաշրջանային նախագծերի զարգացման հեռանկարները և TRIPP  նախագիծը։

Այնուհետև ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Սթիվ Դեյնսը նշել է, որ խաղաղության համաձայնագիրը հնարավոր է դարձել, երբ Թրամփի վարչակազմն առաջնահերթություն տվեց Հարավային Կովկասում խաղաղության հասնելուն։

Սենատորի խոսքով՝ այս տարվա օգոստոսի 8-ին ձեռք բերված համաձայնագրով բացահայտված տնտեսական ներուժը բավականին նշանակալի է։

Leave a Comment