
Վրաստանում ելույթ ունենալով «Մետաքսի ճանապարհ» խորագրող համաժողովին,որին մասնակցել է նաև Ադրբեջանի վարչապետը, Նիկոլ Փաշինյանը խոսել է ըստ էության ընդհանուր կովկասյան տան գաղափարի մասին: Ձևակերպումները այդպես ուղիղ չեն, բայց ես այդպես վերարտադրում եմ նրա միտքը: Այս մասին գրել է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։
«Իսկ միտքը այն է, որ Կովկասի երեք հանրապետությունները կորցնում են անկախությունը, երբ չեն գիտակցում ընդհանուր շահերը, դրանց ռազմավարականությունը, երբ մտածում են, թե կարող են միմյանց հանդեպ հավակնությամբ հասնել հաջողության: Փաշինյանը նույնիսկ բերել է 1918-20 թվականների, և 1991-ի օրինակը, ասելով, որ 1918-ին անկախացել են միաժամանակ, հետո միաժամանակ կորցրել անկախությունը երկու տարի անց, և մեկ էլ միաժամանակ անկախացել 1991-ին:
Նիկոլ Փաշինյանը տուրք է տալիս թվերին, բայց ոչ էությանն ու բովանդակությանը: Որովհետև յդ դեպքում հարկ կլինի հասկանալ, իսկ ինչու՞ էին միաժամանակ անկախացել 1918-ին, կամ 1991-ին, և ինչու՞ չեն պահել անկախությունը 1920-ին:
Երբ անկախացել են, միասնական են եղել՝ դրա՞ արդյունքում են անկախացել միաժամանակ, թե՞ փլուզվել է ավելի գլոբալ համակարգը, որի կազմում է եղել Կովկասը, և ըստ այդմ առաջացել է «ցիրուցան» վիճակ, և հետո նոր գլոբալ համակարգ է ձևավորվել կամ վերաձևվվել, ու Կովկասը հավաքվել է ըստ այդմ:
Ես հիմա չեմ գնահատում՝ հավաքվելն էր լավ, ցիրուցանն էր լավ: Ես գնահատողական արձանագրում չէ, որ անում եմ, այլ՝ փաստական:
Որովհետև, եթե խորամուխ լինենք այդ հարցում, ապա կպարզվի, որ Կովկասի հանրապետությունների անկախությունը որևէ անմջական կորելացիայի մեջ չէ նրանց միասնական լինել-չլինելու, ռազմավարական գործակցություն ունենալ-չունենալու հետ, եթե անգամ դիտարկենք դրա թեկուզ տեսական հնարավորություն:
Այո, համատեղ նրանք կարող են իհարկե առավել արդյունավետ լինել Կովկասի համար աշխարհաքաղաքական պայքարի բովում: Բայց, դա ավելլի արդյունավետ լինելու, այլ ոչ թե պայքարի արդյունք կանխորոշելու միջոց է, որովհետև կանխորոշելու հարցում Կովկասի հանրապետությունները թե առանձին-առանձին, թե միասին՝ չունեն բավարար ու անհրաժեշտ ներուժ:
Այդ իմաստով, Նիկոլ Փաշինյանի թբիլիսյան ելույթը իհարկե լիուլի լիկվիդային է իր հայաստանյան լսարանի համար, բայց թբիլիսյան և ավելի լայն լսարանի համար այն պրակտիկ քաղաքականությունից բացարձակ հեռու մի ելույթ է, որտեղ միակ ռացիոնալը կարող է լինել այն, որ Կովկասը իսկապես՝ աշխարհաքաղաքական բոլոր մոնստրների համար էլ դիտվում է «միասնական փաթեթով», բայց բոլորովին ոչ այդ փաթեթի մասնակիցներին առանձին-առանձին անկախություն շնորհելու, նվիրելու կամ «պատվիրակելու» համար»,- գրել է վերլուծաբանը: