«Իմ բախտը բերում է, ինձ գոլդ թվեր են հասնում»․ Տարոն Մարգարյանը՝ իր ունեցվածքի եւ Տիգրան Ավինյանի աշխատանքի մասին

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանը, խորհրդարանում լրագրողների հարցերին ի պատասխան, ասաց, որ իր գույքն ապօրինի չէ, օրինական է։ Անդրադառնալով իր վերաբերյալ ենթադրյալ ապօրինի ծագում գույքի գործով դատավարությանը՝ Տարոն Մարգարյանն ասաց․ «Սահմանադրական դատարանի որոշումից հետո դեռ դատ չի եղել, հասկանանք դատախազությունն ինչ է ներկայացնում, ըստ դրա կարտահայտվենք»։

Հարցին, թե ինչպե՞ս էր ստացվել, որ իր առանձնատան հասցեն «գոլդ» էր, Մարգարյանը պատասխանեց․ «Անընդհատ մամուլում խոսում եւ շահարկում են, նայեք, տեսեք՝ որ թվականին է այդ հասցեն եղել, եւ ընդհանրապես ո՞վ է որոշումը ստորագրել։ Հաստատ իմ ժամանակ չի եղել։ Իմ բախտը բերում է, ինձ գոլդ թվեր են հասնում»։

Անդրադառնալով առաջիկա քաղաքական   պլաններին՝ նա ասաց․ «ՀՀԿ-ն ոնց կորոշի, այդպես ես կառաջնորդվեմ։ Եթե Հանրապետական կուսակցությունը որոշեց խորհրդարան, ուրեմն խորհրդարան»։

Հարցին, թե Երեւանի քաղաքապետի աշխատանքին հետեւո՞ւմ է, արդյունավե՞տ է աշխատում Տիգրան Ավինյանը, Տարոն Մարգարյանը պատասխանեց․ «Քաղաքացին տնտեսություն գործող օրգանիզմ է, մի օր արդյունավետ կլինի, մի օր անարդյունավետ չի լինի, մի օր խնդիրներ կլինեն, մի օր չեն լինի։ Եկեք գնահատականներ չտանք, գնահատականները տալիս է ժողովուրդնն ընտրություններով»։

Հարցին, թե իր պաշտոնավարման ժամանակ ո՞րն է եղել ամենամեծ սխալը, ինչի համար զղջում է, Տարոն Մարգարյանը պատասխանեց․ «Աշխատանքի մեջ սխալներ լինում են, մենք մեր սխալների համար մեր ներողությունը խնդրել ենք, բայց էլի եմ կրկնում՝ քաղաքային տնտեսությունն իր ամենաօրյա մարտահրավերն ուներ եւ ամեն օր խնդիրներ կային։ Ժողովուրդն սկսում էր ավելի պահանջկոտ լինել, եւ քաղաքային իշխանությունը պարտավոր էր այդ պահանջները բավարարել։ Մենք շատ ծրագրեր ենք իրականացրել, որոշ ծրագրեր կիսատ եմ մնացել, հույս ունենանք, որ այս քաղաքային իշխանությունն ավարտին կհասցնի»։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment