Ավելի շատ դպրոցականներ գեր են, քան թերքաշ. աշխարհում 420 միլիոն երեխա հավելյալ քաշ ունի. Արմեն Մուրադյան

Ավելի շատ դպրոցականներ գեր են, քան թերքաշ. աշխարհում 420 միլիոն երեխա հավելյալ քաշ ունի: Այս մասին  ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:

«Ըստ «STATISTA» միջազգային առցանց պարբերականի` պատմության մեջ առաջին անգամ 5-ից 19 տարեկան ավելի շատ երեխաներ և դեռահասներ ամբողջ աշխարհում համարվում են գեր, քան թերքաշ: Այս մասին ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտարարել է սեպտեմբերի սկզբին։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ աշխարհում շուրջ 188 միլիոն դպրոցականներ և դեռահասներ գեր են, մինչդեռ միայն մոտ 180 միլիոնը թերքաշ են: Ընդհանուր առմամբ, բոլոր տարիքի ավելի քան 420 միլիոն երեխա հավելյալ քաշ ունի:

Մանկական սննդի վերաբերյալ ՅՈՒՆԻՍԵՖ-ի այս տարվա զեկույցը լույս է սփռում այս երկարատև փոփոխության պատճառների վրա: Ըստ զեկույցի, շաքար և կալորիաներ պարունակող բարձր վերամշակված մթերքները փոխարինում են երեխաների սննդակարգում մրգերին, բանջարեղենին և սպիտակուցներին, ինչը կարող է հանգեցնել երկարաժամկետ առողջական խնդիրների: ՄԱԿ-ի մասնագետները կարծում են, որ դա ուղղակիորեն կապված է սննդի ընկերությունների ագրեսիվ շուկայավարման հետ:

2019 թվականից ի վեր 5-9 տարիքային խմբում գիրություն ունեցող երեխաներն ավելի շատ են, քան քաշի անբավարարություն ունեցող երեխաները: Այս փոփոխությունը կանխատեսվում է ավելի մեծ երեխաների և դեռահասների համար, համապատասխանաբար, 2028 և 2029 թվականներին: Չնայած 15-19 տարեկան դեռահասների 60 տոկոսը օրական օգտագործում է մեկից ավելի քաղցր ըմպելիք կամ սնունդ, Արևելյան Եվրոպայում, Լատինական Ամերիկայում, Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում և Արևելյան Ասիայում այդ ցուցանիշն արդեն գերազանցում է միջին ցուցանիշը:

Զեկույցը եզրակացնում է, որ երեխաների շրջանում ավելցուկային քաշն ու ճարպակալումն այլևս չեն սահմանափակվում բարձր եկամուտ ունեցող երկրներով: Փոխարենը, 2000-ից 2022/2024 թվականներին ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում ավելցուկային քաշ ունեցող երեխաների թվի կտրուկ աճ: ՅՈՒՆԻՍԵՖ-ը այս միտումը, որն անվանում է «երեխաների թերսնուցման փոփոխվող իրավիճակ», կապում է «անառողջ սննդային միջավայրի» և բարձր վերամշակված մթերքների աճող տարածման հետ: «Շաքարի, օսլայի, աղի, վնասակար ճարպերի և հավելումների բարձր պարունակությամբ այս մթերքները դարձել են էժան, պարզ և գրավիչ: Թվային շուկան սննդի և ըմպելիքների արդյունաբերությանը հնարավորություն է տալիս լայն մուտք ունենալ դեպի երիտասարդների լսարան, և շուկան հագեցած է դրանցով: Երեխաներն ու դեռահասները բառացիորեն «ռմբակոծվում են» այս ապրանքներով ամենուր՝ խանութներից մինչև դպրոցներ և թվային տարածքներ»:

Առողջ սննդի համեմատաբար բարձր արժեքը ևս մեկ գործոն է, որը նպաստում է այս միտմանը և հաճախ ստիպում է, որ ծնողները, ովքեր միջոցների պակաս ունեն, իրենց երեխաների համար գնեն էժան, կալորիականությամբ հարուստ սնունդ՝ մրգերի, բանջարեղենի կամ այլ առողջ սննդի փոխարեն»,-նշել է Մուրադյանը:

Leave a Comment